Հայերի հետ տևական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ չենք վերացրել մեր ազգային ինքնության հիմքում ընկած միֆերը․ ադրբեջանցի ակտիվիստ 

Բահրուզ Սամադով, OC Media

Ադրբեջանական քաղաքականությունը բիրտ ուժի և հաղթանակի իր պաշտամունքով մութ շրջադարձ է կատարել դեպի իռեդենտիզմ [երկրի՝ նախկինում իրեն պատկանած տարածքների վերամիավորման քաղաքականություն]: Հայերի հետ տևական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ չենք վերացրել մեր ազգային ինքնության հիմքում ընկած քինախնդիր միֆերը և չենք մերժել բռնի ազգայնականությունը:

2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանում շատերը պնդում էին, որ պատերազմն ու մարդկային կյանքերի կորուստն անհրաժեշտ են ապագայում կորուստները կանխելու համար։ Ըստ այդ փաստարկի՝ 1988-1994 թթ․ պատերազմը խաղաղություն չբերեց, և փոխհրաձգություններն ու անկանոն գրանցվող զոհերը դարձան սովորական, ուստի Ադրբեջանին լայնածավալ պատերազմ էր անհրաժեշտ հակամարտությունը լիովին հանգուցալուծելու և այդպիսով կայուն խաղաղության հասնելու համար:

Այս փաստարկը ոչ միայն էթիկապես է անընդունելի (իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր զոհվում են լայնամասշտաբ պատերազմի ժամանակ՝ որպես «անհրաժեշտ չարիք»), այլև խորապես պարզունակ: Իրադրության սրման յուրաքանչյուր դեպքից հետո մենք տեսել ենք, որ չկա բովանդակալից խաղաղ գործընթաց, իսկ պատերազմը շարունակել է եփվել: Սեպտեմբերի 13-ին բռնկված մարտերը (ամենաարյունալին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո) ապացուցում են «մի հատ պատերազմ, հետո խաղաղություն» փաստարկի պարզունակությունը։

Անկախության համար պայքարի արձագանքները

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը եղել է ագրեսիվ․ երկրի ղեկավարները տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի ամենահարավային մարզի՝ Սյունիքի նկատմամբ և հրաժարվում որևէ իմաստալից կերպով ընդհանուր լեզու գտնել Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարության հետ: Այդ պնդումներն իրենց բնույթով իռեդենտիստական են. դրանք ելնում են ենթադրյալ պատմական կամ էթնիկ կապերի հիման վրա օտար հողերի բռնակցումից։

Նման պնդումները Ադրբեջանի հետպատերազմյան նոր իրականության մասն էին։ Մինչև 2020-ի պատերազմը Ադրբեջանի այն պնդումը, թե ինքը պատմականորեն իրավունք ունի ստանալու Զանգեզուրի պատմական շրջանը (որի մաս է կազմում Սյունիքը), մարգինալ էր և ծայրահեղ աջ պանթուրքական խոսույթին բնորոշ։ Պատերազմից հետո, երբ 2021-ի հուլիսին Ադրբեջանը երկրի արևմտյան մասում հիմնեց Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը, իսկ Նախիջևանի էքսկլավը Ադրբեջանի մնացած տարածքների հետ կապող ապագա միջանցքն անվանեց «Զանգեզուրի միջանցք», պարզ դարձավ, որ պաշտոնական խոսույթը թեքվել է ծավալապաշտական նոր ուղղությամբ։ Եթե կա Արևելյան Զանգեզուր, պետք է լինի նաև Արևմտյան Զանգեզուր, որը Հայաստանի ներկայիս հարավային մարզն է՝ Սյունիքը։

Շատերի համար զարմանալիորեն պաշտոնական և իշխանամետ լրատվամիջոցները վերջերս հայտարարություններ են տարածել նաև Իրանական Ադրբեջանի նկատմամբ հավակնությունների վերաբերյալ՝ վերադառնալով 1990-ականների անկախության շարժման պանթուրքական հին խոսույթին:

«Ամբողջական Ադրբեջանի» մասին ուտոպիստական, իռեդենտիստական գաղափարները բնորոշ էին երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի և նրա «Ժողովրդական ճակատ» կուսակցության (ներկայիս վարչակարգի հիմնական պատմական հակառակորդը) 1990-ականների սկզբի խոսույթին։ Հատկանշական է, որ այս գաղափարները, որոնք անկախության ավելի լայն շարժման մաս էին կազմում, ազդեցին Ադրբեջանում հետխորհրդային ազգային ինքնության ձևավորման վրա։

Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, չէր սատարում տարածքային այս պահանջներին։ Փոխարենը, նա ադրբեջանականությունը պատկերացնում էր որպես ներառական ազգաշինություն՝ առանց իռեդենտիզմի և ագրեսիվ ազգայնականության: 2020-ի պատերազմից ի վեր Հեյդար Ալիևի անձի պաշտամունքն ավելի քիչ տեսանելի է դարձել. նրա` բանակցություններին հիմնականում կողմ լինելու մոտեցումն այժմ հակասում է ներկայիս փակուղային հաղթական խոսույթին։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ ազգային ինքնությունը համախմբվեց հաղթանակի գաղափարի և Իլհամ Ալիևի «երկաթե բռունցքի» շուրջ, «նոր հորիզոնների» անհրաժեշտությունը պարզապես ծավալապաշտական մոռացված գաղափարների վերածնունդ է։ Եվ դա զուտ խոսութային փոփոխություն չէ. վերջին էսկալացիան ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանին ցանկանում է ստիպել ընդունել ավտորիտար «խաղաղություն»: Դա խաղաղություն է, որը բավարարում է Հայաստանին։

Հայկական զինտեխնիկա Բաքվի ռազմական ավարի պուրակում։ Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի կայքից։

Հեքիաթ բանակցությունների մասին

2022-ի օգոստոսի սկզբին՝ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հուլիսյան հանդիպումից հետո, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացրեց իր ձևակերպմամբ՝ «վրեժխնդրության գործողություն»։ Այնուհետև, օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցավ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպումներից և ոչ մեկի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հայտարարություններ չեն արվել։ Այս հանդիպումների նպատակը «բնակչությանը խաղաղության պայմանագրին նախապատրաստելն» էր: Երկրորդ հանդիպումից երկու շաբաթ չանցած՝ երկու երկրները կրկին բախման մեջ են, ինչը հստակ նշան է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հիմնական հարցերի շուրջ։

«Ո՞ւր է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը» հարցադրմամբ վերջերս իմ արած թվիթերյան գրառումը վերաբերում է ոչ միայն ներկա իրավիճակին, այլև նրան, թե ինչ տեղ է զբաղեցնում խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունը։ Եթե բանակցությունների նպատակն է ժողովուրդներին խաղաղության տանելը, ինչո՞ւ ո՛չ քաղաքացիական հասարակությունը, ո՛չ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները չեն մասնակցում հանդիպումներին: Նույնիսկ ավելի վատ՝ ինչո՞ւ ո՛չ հիմնական քաղաքացիական հասարակությունը, ո՛չ էլ քաղաքական ընդդիմությունը այլընտրանք չեն ներկայացրել իշխող վարչակարգի մոտեցմանը: Վերջին բախումներից ու կորուստներից հետո Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը էլ ավելի անտեսանելի է դարձել։

Բանակցություններն ամբողջությամբ կառավարվում են իշխող վարչակարգի կողմից, իսկ սոցիալական մյուս դերակատարները շահագրգռված չեն այլընտրանքներ առաջարկել։ Սա միայն ամրապնդում է իշխող վարչակարգի իշխանությունը՝ չնայած Ադրբեջանի տնտեսական մարտահրավերներին և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների ալիքի ցավոտ խնդրին։ Եթե անգամ դեռ կան որոշ ձայներ, որոնք դեմ են արտահայտվում պատերազմին, ինչպես «Նիդա» քաղաքացիական շարժման խաղաղամետ հայտարարությունը, այս թույլ (բայց խիզախ) խմբերը չունեն այլընտրանքային առաջարկներ անելու համար անհրաժեշտ ազդեցություն:

Ադրբեջանում քաղաքական կուսակցությունները ոչինչ չեն արել Հայաստանում քաղաքական կուսակցությունների և խմբերի հետ երկխոսություն հաստատելու համար։ Ազգայնականությունը շատ բարձր մակարդակի է ընդդիմության և քաղաքացիական հասարակության շարքերում, և ես ազգայնականներից կառուցողական որևէ բան չեմ ակնկալում (թեպետ հաճախ նրանք վարչակարգի ճնշմանն են ենթարկվում), քանի որ լրիվ կիսում են վարչակարգի հիմնական արժեքները:

Ազգայնական իրականություն. կա՞ արդյոք այլընտրանք

Խաղաղությանը հավատարիմ մնացող առաջադեմ խմբերի և անհատների համար երկրի ազգայնական քաղաքականությունը կամ եզակի միջադեպերը պարզապես դատապարտելը, կամ նույնիսկ Ադրբեջանի ողջ քաղաքական դաշտը մերժելը բավարար չէ: Իսկական խիզախությունը ադրբեջանական ազգային ինքնության սկզբունքները կասկածի տակ դնելն է:

Խորհրդային Միության փլուզումը ցույց տվեց, որ «ժողովուրդների բարեկամությունը» մտացածին էր։ Ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները ստեղծեցին ազգային ինքնություն՝ հիմնված վրեժխնդրության և խաղաղ համակեցության մերժման վրա։ Այն վարակեց քաղաքական ողջ ներկապնակը՝ չնայած իշխանության և ընդդիմության միջև առկա թշնամությանը։ Երկրորդ պատերազմը ազգին օժտել է ինքնությամբ, որն ամփոփված է ռազմատենչ նոր խորհրդանիշերում, դրանցից են՝ «Երկաթե բռունցք» հուշարձանը և Բաքվի ռազմական ավարի պուրակը:

Հայ զինվորների մանեկեններ Բաքվի ռազմական ավարի պուրակում։ Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի կայքից։

Առաջադեմ ադրբեջանցիները պետք է մտածեն արմատապես տարբեր ազգային էթոսի համար տեղ բացելու մասին: Առաջին հայացքից մենք առաջարկելու շատ բան չունենք։ Ի վերջո, ադրբեջանցի ազգի ծնունդը պատմականորեն կապված է 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ միջհամայնքային բռնությունների հետ:

Այնուամենայնիվ, եթե ուսումնասիրենք վաղ շրջանի ադրբեջանցի մտավորականների գործերը, ապա կարող ենք տեսնել, թե ինչպես էին նրանցից առնվազն ոմանք քննադատում էթնիկ ազգայնականությունը: Այս պատմույթները պետք է նորից մտնեն ադրբեջանական հանրային գիտակցություն:

Ճիշտ է՝ նման աղբյուրները հազվադեպ են և հետագայում վարկաբեկվել են խորհրդային շրջանի հեղինակների կողմից: Այնուամենայնիվ, այս աղբյուրները, անկախ նրանից ավելի վաղ շրջանի են, թե նոր, ինչպես օրինակ Աքրամ Այլիսլիի վեպը, որն անդրադառնում է Ադրբեջանում հայերի դեմ ջարդերի արգելված թեմային, վճռորոշ նշանակություն ունեն ադրբեջանցիների նոր կերպար և ազգային էթոս կառուցելու համար:

Առանց նման նպատակի և ռազմավարության, առանց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան դերակատարների հետ անմիջական երկխոսության, մենք՝ առաջադեմներս, երբեք չենք կարողանա պատերազմին բովանդակալից այլընտրանք առաջարկել։

Բահրուզ Սամադովը քաղաքական ակտիվիստ է, Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորական ասպիրանտ:

Մեկնաբանել