Մենք միշտ կլինենք ադրբեջանցի մեր եղբայների և քույրերի կողքին․ Էրդողան

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «‎Ադրբեջանը պետք է վերջնականապես ազատագրի իր օկուպացված տարածքները»՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ տարածքների մասին է խոսքը։

«‎Մենք պատմական հնարավորություն ենք ստացել ապահովել մշտական խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում։ Թուրքիան նշանակալի քայլերի է դիմում, որպեսզի օգտագործի այս հնարավորությունը և աջակցի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընացին»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նկատի ունենալով սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանական ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ կարծիք է հայտնել, թե դրանք «‎ստվեր են գցել բոլոր դրական առաջընթացների վրա», սակայն Թուրքիան վստահ է, որ «կհաջողվի հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության»։

«Մենք միշտ կլինենք ադրբեջանցի մեր եղբայների և քույրերի կողքին, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց ապագան լեգիտիմ և արդար ճանապարհով»,- շեշտել է Էրդողանը։

Մեկնաբանել