ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները համաձայնել են գազի դիմաց վճարել ռուբլով

ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները համաձայնել են գազի դիմաց վճարել ռուբլով, Ղազախստանը դեռ քննարկում է այդ հարցը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը հոկտեմբերի 12-14-ը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում։

«Եվրասիական միության շրջանակներում գազի փոխադարձ հաշվարկների համաձայն՝ որոշ երկրներ պայմանավորվել են ռուսական գազի դիմաց վճարել միայն ռուսական ռուբլով: Դրան համաձայն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղզստանը։ Ղազախստանն այժմ մտածում է այդ ուղղությամբ։ Նրանք նաև ցանկանում են առևտուր անել ազգային արժույթներով»,- նշել է Կոժոշևը։

Նա վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում ազգային արժույթներով առևտուրը կշարունակի թափ հավաքել։

«Ռուսական ռուբլին կամրապնդվի, քանի որ փոխադարձ հաշվարկները ազգային արժույթներով կավելանան այն երկրների բոլոր ոլորտներում, որտեղ մատակարարվում են ռուսական հումք և գազ»,- հավելել է նախարարը։