Ադրբեջանը Արցախի օրինական իշխանությունների հետ մշտական կապի մեջ է․ Ալեն Սիմոնյան

Ալեն-Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի կարող լինել նման իրողությունների պարագայում, երբ հակառակորդ երկրի զինուժը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։

«Խաղաղության պայմանագիրը չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են այդ զինված միավորումները։ Խաղաղության պայմանագիրը կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չունենք, որովհետև այլ պարագայում դա կարող է իմիտացիայի տպավորություն թողնել։ Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- ասաց ԱԺ նախագահը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել և սահմանազատում իրականացնել։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում առաջարկվել է մի տարբերակ, որ «Արցախը միայնակ մնա և Հայաստանը դրան չի համաձայնվել»։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը Արցախի մասին խոսելիս ասել է, որ «կակտիվանան», բայց թե երբ, չեն մանրամասնել։

«Հայաստանի իշխանությունը 2018-ից ի վեր ավելի շատ բան է արել ու անում Արցախի համար, քան մեզ քննադատող որևէ նախկին իշխանություն»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ «Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումներում»։ ԱԺ խոսնակը արձագանքեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ երբ և ինչպես կցանկանան, կբանակցեն Արցախի հետ։ Ըստ Սիմոնյանի՝ մինչ օրս եղել են շատ հարցեր, որոնց շուրջ Ադրբեջանը բանակցել է Արցախի իշխանությունների հետ:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք: Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն»,- ամփոփեց Սիմոնյանը:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել