Ադրբեջանի ԱԳՆ-ն անիրատեսական է համարում երեք անցակետեր բացելու Հայաստանի առաջարկը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անիրատեսական է համարում հայ-ադրբեջանական սահմանին երեք անցակետեր բացելու Հայաստանի առաջարկը։

«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ պատրվակները՝ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններից խուսափելու համար։ Երեք վերահսկիչ կետերի անիրատեսական տարբերակ առաջարկելը` անտեսելով 20 ամիս տևող քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ Թվիթերի էջում տեղադրված հայտարարությունում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրել էր, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու ՀՀ կառավարության առաջարկի վերաբերյալ․ «Մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել էր Փաշինյանը։

***

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը օգոստոսի 18-ին ներկայացրել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի երեք հատվածներում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում, նոր սահմանային անցկետեր ստեղծելու նախագիծը։

Սահմանի նոր անցակետեր, ըստ նախագծի՝ ստեղծվելու են Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի Քարվաճառ (Քելբաջար), Արարատի մարզի Երասխ համայնքից դեպի Սադարակ և Սյունիքի մարզի Քարահունջ համայնքից դեպի Էյվազլի ավտոճանապարհներին։

Օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել՝ ՀՀ օրենսդրության համաձայն»։

Մեկնաբանել