Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են Ադրբեջան-Նախիջևան կապի ադրբեջանական մեկնաբանությանը․ Միրզոյան

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ասուլիսին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս մասին հետևյալն է, որ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո և գործեն մեր օրենսդրության ներքո: Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք այս հարցում Ադրբեջանի անզիջում վարքագծին: Կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Կրկնում եմ, և բազմիցս ասել ենք, որ Հայաստանի տարածքով էքստրատերիտորիալ կամ դրան հատուկ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա։

Միրզոյանի կարծիքով՝ Թուրքիան արտատարածքային կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան Ադրբեջանը։

«Կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը (Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը – խմբ․) կապեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ և, հակառակը, պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Կրկին ուզում եմ ասել, որ երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան, գուցե, էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան օրինակ՝ Ադրբեջանը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանել