Քոֆի Անանին կփոխարինի Ալժիրի նախկին արտգործնախարարը

Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրահիմին համաձայնել է փոխարինել Քոֆի Անանին ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ Անանը հայտարարել էր, որ կլքի հատուկ բանագնացի պաշտոնը օգոստոսի 31-ին՝ պարզաբանելով, որ «չի ստացել այն աջակցությունը, որը պահանջվում էր»։

Լախդար Բրահիմիին հենց սկզբից անվանում էին Քոֆի Անանի ամենահավանական փոխարինող, սակայն Բրահիմին մինչև վերջին պահը համաձայնություն չէր տալիս։ 78-ամյա ալժիրցի դիվանագետը հայտնի քաղաքական ֆիգուր է միջազգային ասպարեզում․ նրան մեկ անգամ չէ, որ հանձնարարել են դիվանագիտական բարդ առաքելություններ։ Հենց նա է Լիբանանի 1975-1990 թթ․ քաղաքացիական պատերազմին վերջ դրած հաշտեցման համաձայնագրերի հեղինակը։ Նա նաև եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանում, իսկ 2004թ․ օգնել է ժամանակավոր կառավարություն ձևավորել Իրաքում։ Հատուկ առաքելությունների է մեկնել Կոնգո, Եմեն և Լիբերիա։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան Բրահիմիին ներառել է իր ստեղծած Ավագների խորհրդում, որը կոչված է միավորելու հմուտ քաղաքական գործիչների ջանքերը արդի խնդիրների արդարացի լուծման, խաղաղության ու անվտանգության համար պայքարում։

Մեկնաբանել