Սոչիում Հայաստանն առաջարկել է ԼՂ-ում խաղաղապահների մանդատն անորոշ ժամանակով կամ 20 տարով երկարացնել․ Փաշինյան

Հայկական կողմը Սոչիում առաջարկել է, որ որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը անորոշ ժամանակով կամ 20, 15 տարով երկարացնելու հարցով: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային։ Հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է, չնայած ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար։ Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ։ Նորությունը հետևյալն է, որ խաղաղապահների մանդատը երկարացվի, արձանագրվի, որ նույնիսկ այդ առարկության ինստիտուտը պետք չէ կամ այդ առարկության ինստիտուտը այս պահից հնարավոր է հաղթահարել և երկարաժամկետ առումով ունենալ խաղաղապահների ներկայություն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունը 100 տոկոսով համապատասխանում է, այսպես կոչված, ռուսական առաջարկներին։

«Այսպիսի քննարկում կա, որ կա ռուսական հայեցակարգ և կա ոչ ռուսական հայեցակարգ։ Եվ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ։ Դա իհարկե այդպես չէ։ Տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ, պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա հարցի երեք բաղադրիչ՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ․ «Դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ և փորձել այդ թեման լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»։

Փաշինյանը տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում բանակցությունների ընթացքում հայկական կողմը հետևողականորեն պնդել է, որ եռակողմ հայտարարությունում հղում կատարվի ռուսական առաջարկներին․ «Բայց ինչ-որ առումով նաև ռուսաստանցի մեր գործընկերների հորդորով փորձել ենք ավելի ճկուն լինել՝ իրավիճակը փակուղային չդարձնելու համար»,- նշեց վարչապետը։

Մեկնաբանել