Աղքատության ցուցանիշն աճե՞լ է, թե՞ նվազել. վիճակագրությունն ու մոլորեցնող պնդումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Աղքատության մակարդակի թեման վերջին շրջանում ակտիվ քննարկվում ու շահարկվում է քաղաքական գործիչների ելույթներում և լրատվական դաշտում։ Հրապարակումներում հաճախ սխալ են ներկայացվում վիճակագրական տվյալները, այդ թվում քաղաքական վերլուծաբանների և նույնիսկ տնտեսագետների կողմից:

168.am-ի դեկտեմբերի 2-ի հրապարակման մեջ Վիճակագրական կոմիտեի կողմից 2021-ին արձանագրված 26,5% աղքատության ցուցանիշը համեմատվում է 2018-ի գրանցված 23,5% ցուցանիշի հետ, որոնք առհասարակ համեմատելի չեն՝ 2019-ից կիրառվող նոր մեթոդաբանության պատճառով։

Հատված 168.am-ի հրապարակումից, որն արտատպել էին news.5tv.am, yerkir.am, 7or.am և լրատվական այլ կայքեր։

Նախկին մեթոդաբանությամբ՝ աղքատության ցուցանիշի մեջ տարբերակում էին «աղքատ» (վերին գիծ), «չափավոր աղքատ» (ստորին գիծ) և «ծայրահեղ աղքատ» (պարենային գիծ): 2019-ից հետո հաշվարկվում է նաև աղքատության միջին գիծը, որը փաստացի վերին և ստորին գծերի միջինն է։

2018-ին գրանցված 23,5%-ը այն ժամանակվա մեթոդաբանությամբ աղքատության վերին գծի ցուցանիշն է և համապատասխանում է 42 620 դրամին։ 2021-ին գրանցված 26,5%-ը նոր մեթոդաբանությամբ աղքատության միջին գիծն է և համապատասխանում է 48 140 դրամին։ Իսկ վերին գիծը ներկայում շուրջ 57 750 դրամ է։

Հայաստանում 2021-ին, ըստ վերին գծի, աղքատ է համարվում 45,7%-ը, ըստ ստորին գծի՝ 10,5%-ը, ծայրահեղ աղքատ՝ 1,5%-ը։ 2022-ի տվյալները հասանելի կլինեն միայն 2023-ի նոյեմբերին։

Վիճակագրական կոմիտեի` «Աղքատության պատկերը Հայաստանում 2010-2021 թթ․» նոյեմբերի 30-ին հրապարակված զեկույցում ներկայացված են 2019-ին նախորդող երկու տարիների ցուցանիշները նոր վերանայված մեթոդաբանությամբ։ Ըստ վերահաշվարկված տվյալների՝ չորս տարիների ընթացքում (2017-2021) աղքատ քաղաքացիների թիվը նվազել է ընդամենը 1,8%-ով։ Ծայրահեղ աղքատության ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ միայն 2020-ին գրանցելով ամենացածր՝ 0,7% ցուցանիշը։

Այլ մոլորեցնող պնդումներ աղքատության վերաբերյալ

Նույն օրվա մեկ այլ հրապարակման մեջ 168.am-ը գրել է, որ 2021-ին՝ նախորդ տարվա համեմատ, աղքատության միջին գծում գտնվող քաղաքացիների թիվը նվազել է 0,6%-ով, սակայն դա, ըստ կայքի, պայմանավորված է նրանով, որ «աղքատների մի մասը պարզապես համալրել է ծայրահեղ աղքատների բանակը»։

Հատված 168.am-ի հրապարակումից

Իրականում, սակայն, աղքատության միջին գծում գտնվող քաղաքացիների թվի մեջ ներառվում է նաև ծայրահեղ աղքատ համարվողների թիվը (բոլոր այն քաղաքացիները, որոնց սպառումը միջին գծի սահմանաչափից ցածր է եղել): Աղքատության միջին գիծը, փաստացի, ստորին և վերին գծերի միջինն է։ Այդ մասին նշվում է նաև Վիճկոմիտեի զեկույցներում։

Ավելի վաղ, 2022-ի օգոստոսին Sputnik Armenia-ն տարածել էր վերլուծաբան Արամ Սաֆարյանի հայտարարությունը, թե տարեվերջին Հայաստանում աղքատության երկնիշ աճ է գրանցվելու՝ 27%-ից հասնելով մինչև 48%-ի։ Ըստ փորձագետի՝ այդ մասին են ահազանգել Համաշխարհային բանկը ու միջազգային այլ կազմակերպություններ։

Այս պնդումը փորձագետ Սաֆարյանը արել էր օգոստոսի 26-ին hրավիրված «Եվրասիական փորձագիտական ակումբի»-ի ասուլիսում։

Հատված Sputnik Armenia-ի հրապարակումից

Մինչդեռ, Հայաստանում 27% աղքատություն, ինչպես երևում էր վերոնշյալ գրաֆիկում, գրանցվել էր ոչ թե 2022-ի, այլ 2021-ի տարեսկզբին և պատկերում էր 2020-ի տարեկան ցուցանիշը։ Ինչպես նշեցինք, 2021-ին միջին ցուցանիշը եղել է 26,5%: 2022-ի ավարտին դրա կրկնապատկումը աննախադեպ և անիրատեսական է։ Նման ցուցանիշ կարող է գրանցվել միայն աղքատության վերին գծի ցուցանիշով, ինչը համեմատել միջին գծի նախկին ցուցանիշի հետ, մոլորեցնող է։

Համաշխարհային բանկը, ինչպես նշել է վերլուծաբանը, Հայաստանում 2022-ի տարեվերջին երկնիշ աղքատության աճի վերաբերյալ ահազանգ իր զեկույցներում չի արել։ Հակառակը՝ «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական թարմացում, 2022թ. աշուն» զեկույցում ՀԲ-ն 2022-ին Հայաստանի համար կանխատեսել է աղքատության միջին գծի 5,8% նվազում, 2023-ին՝ ևս 3,4%:

Պատկերը՝ Համաշխարհային բանկի 2022-ի հոկտեմբերին հրապարակած զեկույցից։

#CivilNetCheck-ը օրեր առաջ արդեն իսկ անդրադարձել էր մեկ այլ տնտեսագետի կողմից աղքատություն մակարդակի վերաբերյալ մոլորեցնող պնդումներին։

Մեկնաբանել