ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվեց․ մեկնարկում է պլանավորման նոր խումբը

Դեկտեմերի 19-ին ավարտվեց հոկտեմբերից գործող Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատը։

Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել է ԵՄ դիտորդական կարողության խումբ՝ նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«40 եվրոպացի դիտորդություն իրականացնող փորձագետի տեղակայումը ապացուցել է իր արդյունավետությունը և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը։

Այս համատեքստում Խորհուրդը՝ Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ, որոշում է ընդունել, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կգործուղի անցումային պլանավորմանն աջակցող խումբ՝ բարձրացնելու ԵՄ-ի շրջանում իրազեկվածությունը անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նպաստելու Հայաստանում հնարավոր ԸԱՊՔ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու պլանավորմանը և նախապատրաստմանը։

Ակնկալվում է, որ անցումային պլանավորմանն աջակցող խումբը աջակցություն կցուցաբերի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ԵՄ-ի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում։