Հայկական բանկերը չունեն թղթակցային հարաբերություններ իրանական բանկերի հետ. ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է հայկական բանկերի կապը Իրանի հետ։ «Հայաստանում գործող բանկերը չունեն թղթակցային հարաբերություններ Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ»,-հայտարարել է ԿԲ-ն:

Հայաստանի կենտրոնական բանկի հաղորդագրության համաձայն՝ ԿԲ-ն խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթի։ «Հայաստանի տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով ԿԲ-ի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանակում»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում։

ԿԲ-ն հիշեցրել է, որ առաջին հերթին պարտադրում են բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրություն՝ թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը: «Հայաստանի ԿԲ-ն շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան ֆինանսական բոլոր կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներին՝ Հայաստանի ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունության վտանգող ցանկացած երևույթներից»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանում գործող բանկերը չունեն թղթակցային հարաբերություններ նաև Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ:

Անդրադառնալով Հայաստանում «Մելլաթ բանկ»-ի գործունեությանը` ԿԲ-ն հիշեցրել է, որ այն Հայաստանում գործում է դեռևս 1996-ից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ: «Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 2 անգամ՝ $88 մլն-ից մինչև $40 մլն): Բանկը չունի թղթակցային որևէ հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանում գործող բանկերի հետ»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Նշենք, որ Reuters գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի` միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Հայ պաշտոնյաները հերքում են Իրանի հետ ապօրինի բանկային հարաբերություններ ունենալու մասին տեղեկությունները: «Չնայած դրան` ամերիկացի պաշտոնյաները պարբերաբար իրենց հայ գործընկերներին սպառնում են խստացնել ֆինանսական վերահսկողությունը»,- գրել է գործակալությունը:

Reuters-ը գրել է, որ Արևմտյան հետախուզական զեկույցում որպես Իրանի թիրախ նշվում է հայկական «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը (Սիվիլնեթ՝ բանկի բաժնետոմսերի 15,6%-ը պատկանում է ֆրանսիական Credit Agricole բանկին):

Մեկնաբանել