Ովքեր են Արցախի նոր նախարարները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին մի քանի նշանակումներ է արել: Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի արդարադատության նախարար:

2013 թվականից մինչև 2021 թվականը Սրբուհի Արզումանյանը ղեկավարել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի քաղաքաշինության նախարար: Նա քաղաքաշինության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո։ Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո Սարգսյանն ազատվել էր նախարարի պաշտոնից ու որպես պաշտոնակատար էր ղեկավարում գերատեսչությունը։

Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Ղազարյանը 2007-2008 թթ. աշխատել է Արցախի արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում։ Իսկ 2010 թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշումը Արմեն Մանգասարյանին Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Ավելի վաղ երիտասարդ պաշտոնյան Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալն էր և Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։ Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Արցախի 11 նախարարներից 9-ն ազատվել են պաշտոնից։ Նրանցից չորսը պաշտոնավարում էին որպես պաշտոնակատար։ Բոլոր այս 9 նախարարությունները համակարգում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Մինչև Ամանոր Արայիկ Հարությունյանի հրամանագրերով նշանակվել են առողջապահության, գյուղատնտեսության և տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարները։ Այս պահին մնացել են երկու նախարարություններ, որտեղ դեռ պաշտոնակատարներն են ղեկավարում, դրանք են՝ ֆինանսների և էկոնոմիկայի ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։

Կարդացեք նաև՝ Արցախցիներին մեկ շղթայով շղթայված Ռուբեն Վարդանյանը

Մեկնաբանել