Վարչապետը սխալվում է՝ խաղադրույքների ոլորտում «շա՜տ լուրջ անկում» չկա. հակառակը՝ ծավալներն աճել են

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե իրենց իշխանության կողմից շահումով խաղերի ոլորտում կատարված օրենսդրական սահմանափակումների արդյունքում խաղադրույքների ոլորտում լուրջ անկում է գրանցվել։

Պնդումը վարչապետը հնչեցրել էր՝ հակադարձելով լրագրողի՝ խաղադրույքների ոլորտում գործունեություն ծավալող «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի և պաշտոնյաների միջև կապի, հովանավորչության վերաբերյալ հարցին։

«Ձեր կողմից հիշատակված ընտանիքը հենց այդ բիզնեսի [շահումով խաղերի – խմբ.] ամենախոշոր շահառուներից մեկն էր և հետևաբար, եթե լիներ հովանավորչություն…։ Ընդ որում, բացի այդ, հիմա խաղադրույք կատարելը էդքան հեշտ չի, ինչքան նախկինում։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում սենց շա՜տ լուրջ անկում կա»,- պնդել էր վարչապետ Փաշինյանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ շահումով խաղերի ոլորտում, հակառակ վարչապետի պնդումներին, անկում չի գրանցվել։

2022-ի 11 ամիսներին կատարվել է ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք

Պետեկամուտների կոմիտեն #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում՝ 2022-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել։ Սա 2021-ի ամբողջ տարում գրանցված 3,9 տրլն դրամից ավել է մոտ 36%-ով։

Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատմության մեջ։ Կատարված խաղադրույքների ծավալը 2017-ին կազմել է 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին հատել է տրիլիոնի շեմը և կազմել է 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։

Հատկանշական է, որ 2022-ի 11 ամիսներին գրանցված 5,3 տրլն-ի մեջ ներառված չեն դեկտեմբերի տվյալները, հետևապես՝ նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի մեծ մասի ժամանակ արված խաղադրույքների ծավալը, որոնք անցկացվել են նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը ներառյալ։ Այս թվում ներառված չեն նաև խաղատներում կատարված խաղադրույքները։

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2022-ի հունվար-նոյեմբերին խաղատներում կատարվել է 44,1 մլրդ դրամի խաղադրույք, այսինքն՝ համեմատելով ինտերնետ շահումով խաղերի 5,3 տրլն դրամի հետ՝ ստացվում է, որ ընդհանուր խաղադրույքների 99%-ը կատարվում է առցանց կազինոներում և սպորտային վիճակախաղերում։

Խաղադրույքների ծավալի աճը փաստում են նաև Վիճակագրական կոմիտեի հասանելի վերջին տվյալները, համաձայն որոնց՝ 2022-ի հունվար-սեպտեմբերին «շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն» ոլորտի ծավալները նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5,5%-ով։


Աղյուսակը՝ Վիճկոմիտեի 2022-ի հունվար-սեպտեմբերի հրապարակումից

Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը խաղամոլության դեմ

Վերջին մի քանի տարում կառավարությունը սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գործունեության վայրերը, գովազդները, ավելացրել հարկային բեռը։

2020-ի հունվարից կարգավորումներ մտցվեցին՝ խստացնելով շահումով խաղերի, վիճակախաղերի և խաղատների գովազդը։

2020-ի նոյեմբերին ուժի մեջ մտավ օրենսդրական փաթեթը, որով սահմափակվեցին բուքմեյքերական գրասենյակների և խաղասրահների գործունեության վայրերը, ինչպես նաև՝ շահումող խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյում և լրատվական կայքերում։

2020-ից խաղային ոլորտի հարկային բեռն ավելացավ․ մինչ այդ գործող հաստատագրված վճարներից բացի՝ շահութահարկի համակարգով 2020-ի հունվարի 1-ից սկսեցին հարկվել վիճակախաղերի, իսկ 2021-ի հունվարի 1-ից՝ նաև ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը։

2022-ին արգելվեցին բոլոր տեսակի կազինոների, շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդները։

2022-ի հունիսից արգելվեց կանխիկ եղանակով տոտալիզատորների՝ վիճակախաղերի հաշիվներին գումար մուտքագրելը կամ ելքագրելը։ 2023-ի հունվարից վիճախաղերի հետ կապված բոլոր անկանխիկ գործարքները կարող են կատարվել միայն բանկային քարտով։

2023-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր տուրք բուքմեյքերական ընկերությունների համար՝ կատարված յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույքի դեպքում խաղերի կազմակերպիչը պետք է վճարի 175 մլդ դրամի տուրքեր։

***

Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե խաղադրույքների ոլորտում շատ լուրջ անկում է գրանցվել, սխալ է։ Փաստացի՝ կատարվող խաղադրույքի ծավալները ոչ միայն չեն նվազել, այլև շարունակ աճում են։

Մեկնաբանել