Ինչ խնդիրներ է լուծում Ալիևը՝ Նախիջևանում հեռացնելով Թալիբովին

Վասիֆ Թալիբովը՝ ձախից

2022 թվականի դեկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներակայացրել Նախիջևանի երկարամյա կառավարիչ, «Նախիջևանի խան» անվանումով հայտնի Վասիֆ Թալիբովը: Այդ դիրքում նա պաշտոնավարել է շուրջ 30 տարի։ Նախիջևանի ղեկավարումը նա ստանձնել էր դեռ 1995 թվականից՝ համարվելով Ալիևների ընտանիքի՝ հատկապես Հեյդար Ալիևի ամենավստահված անձանցից: Թալիբովը, զբաղեցնելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը (ամենաբարձր պաշտոնն է Նախիջևանում), փաստացի իր ձեռքում էր կենտրոնացրել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը, որում ներառված էին նրա ընտանիքի անդամներն ու վստահված անձինք: Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում նոյեմբերից Ալիևը կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել։ Նրա հրամանով Նախիջևանն առժամանակ գտնվում է Բաքվի անմիջական վերահսկողության ներքո, և այն փաստացի ղեկավարում է Ադրբեջանի նախագահի նշանակած լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին, որն այդ պաշտոնում է նշանակվել դեկտեմբերի 22-ին՝ Թալիբովի հեռանալու հաջորդ օրը։

Ադրբեջանի իշխանությունները նոյեմբեր ամսից սկսել են ստուգումներ իրականացնել Նախիջևանում՝ գործողություններ, որոնք իրենց բնույթով ու ծավալով աննախադեպ էին: Ըստ որոշ ադրբեջանական և արտասահմանյան հետաքննական տվյալների՝ Թալիբովն այնքան էր կենտրոնացրել իշխանությունն իր ձեռքում, որ շատ դեպքերում անգամ «խոչընդոտում էր» ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյանների մուտքը Նախիջևան: Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով օղակը սեղմվել է Թալիբովի իշխանության շուրջ․ տարբեր պաշտոններից ազատվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև ձերբակալվել են մի շարք առանցքային պաշտոնյաներ:

Այսպես օրինակ՝ Նախիջևանի դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Վասիֆ Թալիբովի եղբայրը՝ Մահարրամ Թալիբովը, նրա որդիներից մեկը՝ Սեյմուրը, հեռացել է Նախիջևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնից: Թալիբովի դուստրն էլ ազատվել է «Նախիջևան բանկի» խորհրդի անդամի պաշտոնից, և նրան պատկանող առողջապահական հաստատություններում անցկացվում են խուզարկություններ: Այժմ էլ տեղեկություններ են տարածվել Նախիջևանի միգրացիոն ծառայության պետի պաշտոնից Վասիֆ Թալիբովի մյուս որդու՝ Ռզա Թալիբովի հնարավոր հեռացման մասին: Բացի այդ, ստուգումներ են անցկացվել Նախիջանի մի շարք առանցքային պետական գերատեսչություններում, որոնց հետևանքով ձերբակալվել են Նախիջևանի ֆինանսների նախարար Ռաֆայել Ալիևն ու Պետական մաքսային կոմիտեի ղեկավարներից Մանսուր Ասքերովը: Ավելին՝ ադրբեջանական իշխանությունները Նախիջևանի պետական մաքսային կոմիտեն լուծարելով՝ դրա փոխարեն ստեղծել են Նախիջևանի մաքսային գլխավոր վարչություն: Բաքուն նաև վերացրել է Նախիջևանի պետական անվտանգության ծառայությունը՝ այն վերածելով Ադրբեջանի նույն ծառայության Նախիջևանի վարչության: Նախիջևանի մի շարք առանցքային գերատեսչությունների իրավական կարգավիճակն էապես իջեցվել է․ եթե նախկինում դրանք գտնվում էին Նախիջևանի իշխանությունների անմիջական վերահսկողության տակ, ապա այժմ ուղղակիորեն ենթարկվում են Բաքվին:

Վասիֆ Թալիբովի պաշտոնանկությանը զուգընթաց Ադրբեջանում և Նախիջևանում ընթանում է նրա «ապասրբացման» գործընթացը, որին լծվել են թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու նրանց հարող փորձագիտական շրջանակները: Ադրբեջանական սեգմենտում սկսել են բարձրաձայնել Թալիբովի հարստահարման, կոռուպցիոն գործարքների մասին, ինչպես նաև վտանգավոր համարել ժամանակին Թալիբովի քաղաքական ազդեցությունը՝ որպես քիչ թե շատ ինքնուրույն պետական գործչի:

Նախիջևանում Թալիբովի շուրջ կատարվող իրադարձությունները կարող են տեղավորվել միջկլանային պայքարի համատեքստում, սակայն պաշտոնական Բաքվի գործողությունները հուշում են՝ դրանց նպատակն ակնհայտորեն ավելին է, քան Նախիջևանում զուտ բարեփոխումների անցկացումը:

Որո՞նք են Բաքվի հեռահար նպատակները Նախիջևանում, և ինչո՞ւ հիմա

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանում առաջին հերթին փորձում են բարեփոխումների անվան տակ զրկել Ինքնավար Հանրապետությունն իր ունեցած կարգավիճակից՝ այն դարձնելով Ադրբեջանի շարքային երկրամասերից մեկը: Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ այդ երկրում չի կարող լինել որևէ վարչաքաղաքական միավոր, որը կարող է օժտված լինել ավելի բարձր կարգավիճակով: Նախիջևանյան օպերացիայի իրագործմամբ Ալիևը փորձում է նախադեպ ստեղծել և ցույց տալ՝ Բաքուն չի կարող համաձայնել Արցախի որևէ կարգավիճակի:

Նախիջևանը ինքնավարությունից զրկելու քաղաքականությունը պայմանավորված է հետպատերազմական իրողություններով: Բաքուն, օգտվելով շահեկան իրավիճակից, ակնհայտորեն փորձում է մեծացնել քաղաքական հավակնությունները՝ օրակարգ բերելով այնպիսի հարցեր, որոնց մասին թեև այդ երկրում եղել են ձևավորված պատկերացումներ, սակայն բացակայում էր դրանք բարձրացնելու պատրաստակամությունն ու, ինչու ոչ, կարողությունը: Որպես օրինակ՝ կարելի է մատնանշել Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ ունեցած կեղծ թեզերն ու պահանջները, որոնց արծարծումը նոր թափ է ստացել Արցախյան պատերազմից հետո:

Նախիջևանի հարցում Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը կարող է պայմանավորված լինել նաև Ինքնավար Հանրապետությունը «արտաքին ազդեցություններից» զերծ պահելու հանգամանքով: Ուշագրավ է, որ նոյեմբեր ամսին, երբ մի կողմից Նախիջանում սկսվել էին զտումները, մյուս կողմից էլ Ադրբեջանը սրել էր հարաբերությունները Իրանի հետ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ մեկնաբանելով ադրբեջանական հարթակներում տարածված այն լուրերը, թե Նախիջևանի բնակիչները դիմել են Իրանի կառավարությանը՝ զինված ուժեր տեղակայելու խնդրանքով: Բնականաբար, ադրբեջանական ՊԱԾ-ն հերքել էր նման տեղեկությունները՝ կոչ անելով քաղաքացիներին չտրվել «Ադրբեջանի դեմ թշնամական մտադրություններ ունեցող շրջանակների» ազդեցությանը, սակայն չի բացառվում, որ այդ ժամանակահատվածում Նախիջևանում իսկապես ակտիվացել էին իրանամետ տրամադրությունները, ուստիև՝ ադրբեջանական իշխանությունները Նախիջևանը կորցնելու որոշակի վտանգներ են տեսել։

Թալիբովների կլանի դարաշրջանի ավարտը նոր իրողություններ է ստեղծում Նախիջևանում: Այն հուշում է Ադրբեջանում իշխող վարչակարգի վարած քաղաքականության փոփոխությունների մասին, որոնք նոր փուլ են թևակոխել 2020-ի պատերազմից հետո: Այդ համատեքստում Թալիբովների գոյությունն ինքնին հակասում էր կենտրոնական իշխանությունների շահերին, քանի որ պատերազմից հետո երկրում, ըստ էության, բացի Իլհամ Ալիևից, այլ «հերոսներ» չեն երևում: Վասիֆ Թալիբովի հեռացումից հետո Բաքուն կարող է ավելի անկաշկանդ գործել ապագայում կարևոր նախագծեր իրականացնելիս, օրինակ, հաղորդակցությունների բացման հարցերում, որոնցից առանցքայինը Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին է և առհասարակ Նախիջևանի զարգացման հեռանկարները:

Մեկնաբանել