Պետությանը վճարել են 5,1 մլրդ դրամ պակաս գումար. դատախազը ներկայացրեց միջնորդագիրը

Փետրվարի 8-ին Ազգային ժողովը շարունակեց քննարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Գաղտնի քննարկման ենթակա միջնորդագրից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց երրորդը, որը վերաբերում է խոշոր չարաշահումների ու պետական գույքերի օտարման։

Վարդապետյանը կարճ ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը։ Նա ասաց, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելիս որոշ չարաշահումներ է կատարել։

«Նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություն ընձեռնող դրույթներով պայմանագիր։ Հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ գրավադրելու պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակելու գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1,87 մլրդ դրամի չափով»,- ասաց Վարդապատեյանը։

Նա հավելեց, որ «Երևան քաղաքի դատարանի 2015-ի փետրվարի 18-ի վճռով՝ ՊՆ-ն որպես գրավով չապահովված պարտատեր 8,581 մլրդ դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից»,- ասաց գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ բացի վերոգրյալից բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե-Վասկեն Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով Սեյրան Օհանյանը 2015-ի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե-Վասկեն Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊԸ-ին 2,1 մլրդ ՀՀ դրամին համարժեք՝ 4,5 մլն ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ։

Արդյունքում, ըստ դատախազության, այս անշարժ գույքն անցել է Յաքուբյանին, իսկ երկու այլ անշարժ գույքեր, որոնք եղել են «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ Էմ» կապիտալում, այլ անձանց։

Այս ամենի արդյունքում, Վարդապետյանի խոսքով, «Վահե-Վասկեն Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները՝ պետության՝ 5,8 մլրդ դրամ արժողությամբ անշարժ գույքի դիմաց վճարել են 5,1 մլրդ դրամ պակաս գումար՝ այսինքն շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 տոկոսը»։

Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված ու ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այլ կերպ վատնման եղանակով հափշտակելով այն։

Սեյրան Օհանյանը իրեն մեղսագրվող չարաշահումները համարում է քաղաքական հետապնդում։


Մեկնաբանել