Ինչու Հայաստանը ընտրեց ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ առաքելության տեղակայումը. Փաշինյանի պատասխանը

«Հայաստանը Եվրամիության կողմից հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայել է այլ պատճառով․ ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է ՀՀ սահմանը, իսկ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի պատասխանել ու չի նկարագրել, թե որն է ՀՀ սահմանը»։ Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը կողմ արտահայտվել Եվրամիության դիտորդների ներկայությանը և չի արձագանքել ՀԱՊԿ առաջարկներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀԱՊԿ պարագայում մենք խնդիր ենք ձևակերպել. ՀԱՊԿ-ն ունի մանրամասն նկարագրած փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ։ Այնտեղ կա հստակ ըմբռնում ու հասկացություն ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին, ու ՀԱՊԿ-ից մենք խնդրել ենք սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պայմանագրի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն, մեզ ասել, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը, բայց մենք պատասխան չենք ստացել»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը պատմեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ ԵՄ-ն, Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ, հստակ գծագրել է, թե որն է ՀՀ տարածքը, որը կողմերն ընդունել են։

«Իրենք գալիս են այդ տարածքը մոնիտորինգ անելու։ Առանց այդ պատկերացման դիտորդական առաքելության տեղակայումը տաօրինակ կլինի»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ներկայացրեց, որ Ադրբեջանը վերջին շրջանում մեծ ծավալով խոսույթ էր ձևավորում, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ-ն ու Ռուսաստանը զորքեր են կուտակում՝ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու համար։ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմամբ, ըստ նրա, ԵՄ-ն հնարավորություն կունենա տեսնելու՝ այդ խոսույթը իրականությանը համապատասխանում է, թե ոչ։

Մեկնաբանել