Արցախում հովհարային անջատումները կլինեն օրական 6 անգամ 1-ական ժամով

Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում, այսուհետ անջատումները կլինեն օրական 6 անգամ 1-ական ժամով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով»,- ասված է հայտարարությունում։

***

Հունվարի 9-ին ադրբեջանական կողմը խափանել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով։

Հայաստանից Արցախ մտնող գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տարածքներով։ 2022-ի մարտից սկսած Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի գազամատակարարումը։ Փետրվարի 8-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը:

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 60 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել