Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂ-ում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի․ Փաշինյան

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը, կառավարության փետրվարի 9-ի նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը երեկ կրկին փակելուն և նշել, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն։

«Երեկ Ադրբեջանը կրկին փակել է ԼՂ-ի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր 1 օր առաջ: Մինչ այդ, Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ դրանից 4 օր առաջ: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում՝ այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ. ասենք, օրինակ, գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 տոկոս, հետո իջնում-հասնում 10 տոկոսի և այսպես շարունակ: 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն»,- նշել է նա։

Փաշինյանը նկատում է, որ գազամատակարարման պարբերական դադարեցումներն արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն։

«Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների։ Ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաև ԼՂ-ի էլեկտրական հոսանքի մատակարարումը, ու քանի որ էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ-ի իշխանություններն ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը բացի հումանիտար ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի․ «Սրանով ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները»։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Ադրբեջանի գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը։

«Մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առած հումանիտար, հիմա արդեն նաև բնապահպական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է: Կարծում եմ, անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել