Սահմանադրության փոփոխության նոր գործընթաց Արցախում. իրադարձությունների զարգացման 3 հնարավոր սցենար

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը սահմանադրության փոփոխության հերթական գործընթացի նախաձեռնման վերաբերյալ հաղորդագրություն տարածեց: Դրանում, մասնավորապես, նշվում էր. «Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»:

Սա խիստ հետաքրքրական զարգացում է և ուղիղ առնչություն ունի Արցախում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի հետ:

Սահամանդրական փոփոխությունների գործընթացը, որը նույն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ կասեցվել էր նախորդ տարեվերջին, Արցախում օրակարգային հարց էր դարձել 2022 թվականի սկզբին: Սահմանադրական փոփոխությունների առաջին հայեցակարգում ևս նախատեսվում էր խորհրդարանին օժտել ֆորսմաժորային իրավիճակներում նախագահի ընտրության իրավունքով:

Այդ փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը ի սկզբանե Արցախում իշխանափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմների ապահովումն էր: Արցախում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո կա մտավախություն, որ գետնի վրա առկա նոր իրողությունների պայմաններում հերթական կամ արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը կարող է խնդրահարույց լինել, քանի որ այն կախված է մի շարք արտաքին գործոններից:

Սակայն 2022 թվականի ընթացքում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ պատկերացումները անընդհատ փոխվում էին: 2022-ի տարեվերջին Ազգային ժողով էր ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում էր միայն մեկ փոփոխություն մտցնել սահմանադրության մեջ` նախատեսելով խորհրդարանին հնարավորություն տալ առանց հանրաքվեի անցկացման փոխել սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները:

Այս նախագիծը, ինչպես արդեն նշվեց, նախորդ տարվա նոյեմբերին Արայիկ Հարությունյանը հետ է կանչել Ազգային ժողովից: Այդ որոշումը նա հիմնավորում էր նաև այն փաստարկով, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնում նշանակելուց ու նրան լայն լիազորություններով օժտելուց հետո Արցախում սահմանադրական փոփոխությունների իրականացման ու արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգերը ոչ արդիական էին դարձել:

Ինչպես արդեն նշվեց, Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու այս նոր գործընթացը համընկել է Արցախում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի հետ: Չնայած Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի լարված հարաբերությունները վերջին շաբաթների ընթացքում հրապարակային դրևսորումներ չէին ստանում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այդ ճգնաժամը դեռ հանգուցալուծում չի ստացել: Այդ առումով սահմանադրական փոփոխության այս նոր նախաձեռնությունը անհրաժեշտ է դիտարկել հենց ներքաղաքական պրիզմայով:

Ստեղծված իրավիճակում իրադարձությունների զարգացման երեք հիմնական սցենար գոյություն ունի.

  1. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու և վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաև հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ: Այն ժամանակ, սակայն, շատերը այդ հնարավոր որոշումը որակեցին որպես անպատասխանատու, քանի որ առկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը դժվար է պատկերացնել: Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում:
  2. Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ:
  3. Հավանական է նաև, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից և այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել:

Մոտ ապագայում ավելի պարզ կդառնա, թե վերոնշյալ տարբերակներից որն է ավելի մոտ իրականությանը: Իսկ այս փուլում պետք է միայն արձանագրել, որ Արցախի երկու հիմնական իշխանական ճամբարների այսօրինակ ներքաղաքական ինտրիգները շարունակվող շրջափակման պայմաններում ոչ միայն չեն նպաստում ճգնաժամի հանգուցալուծմանը, այլև տարբեր միջազգային դերակատարների մոտ կասկածներ են հարուցում Լաչինի միջանցքի արգելափակմամբ պայմանավորված հումանիտար ճգնաժամի լրջության վերաբերյալ:

Մեկնաբանել