Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը ձերբակալվել է

Ոստիկանությունը տեղեկացնում է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ, նա ձերբակալվել է։

«Մասնավորապես, տեղեկություններ են ստացվել հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը։ Փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանության տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել են։

Մեկնաբանել