Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է մեկ հոդվածի, որը հանրաքվեով չի փոփոխվելու

Արցախում Սահմանադրության փոփոխության հարցը նորից օրակարգ է մտել: Փետրվարի 13-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ նախաձեռնելով Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ «ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ»: Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը Լուրերի հետ զրույցում ասել է, որ խոսքը մեկ հոդվածի փոփոխության մասին է, որը հանրաքվեով չի փոփոխվելու: Այսինքն, այդ փոփոխությունը վերապահվելու է Ազգային ժողովին։

Խմբակցության ղեկավարը նաև ասել Է, որ համապետական ընտրություններն իրենց ժամանակին անցկացնելու են, այսինքն 2025 թվականին. «Մինչև այդ պահը թափուր [նախագահի] պաշտոն առաջանալու դեպքում՝ Ազգային ժողովը կընտրի»:

Լրագրողի հարցին, թե ինչու է ահնրաժեշտ այս փոփոխությունը, Արթուր Հարությունյանը պատասխանել է, որ ռազմական դրության դեպքում հնարավոր է չունենանք նախագահ ընտրելու հնարավորություն. «Եվ պետական կառավարման համակարգի ռիսկերը կառավարելու համար ճգնաժամային իրավիճակներում հենց այս նախագիծը նախատեսված է այդ բացը լրացնելու համար»:

Արցախում փաստացի ռազմական դրություն է հիմա (այդ բարդ հարցն փորձել ենք պատասխանել «Արցախում ռազմական դրության քրոնիկոնը» հոդվածում) և տվյալ նախագիծը ընդունելուց հետո, եթե նախագահի պաշտոնը թափուր լինի, Ազգային ժողովը կարող է նախագահ ընտրել:

***

2022-ի նոյեմբերի 23-ին նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Սահմաանդրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով։ Նախօրեին այդ նախագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն էին հայտնել Գլխավոր դատախազը և Մարդու իրավունքների պաշտպանը։ Մտահագության պատճառը մասնավորապես 162-րդ հոդվածի փոփոխությունն էր, այն սահմանում է, որ մի շարք հոդվածներում փոփոխությունները ընդունվում են հանրաքվեի միջոցով (նախագծով այդ հոդվածները կարող է փոփոխել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ⅓-ի, Նախագահի և ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների հինգ տոկոսի նախաձեռնությամբ)։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները այն որակել էին որպես իշխանության բռնազավթում Ազգային ժողովի կողմից։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել