ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Մենք երբևէ չենք մոռանա, որ անկախության առաջին իսկ օրվանից դուք մեր կողքին եք եղել, և գնահատել եք այն մոտեցումները կամ քաղաքական ուղղությունը, որ մենք որդեգրել ենք առաջին իսկ օրվանից: Դրանք էին՝ ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանություն ունենալը: Դուք այս 30 տարիների ընթացքում միշտ աջակցել եք մեզ այդ գործում: 1990-ականներին նույնիսկ ամենափոքր օգնությունը մեզ համար կարևոր էր: Դուք միաժամանակ մեզ սովորեցնում էիք նաև, որ պետք է նայել դեպի առաջ: Ըստ էության, դուք նույնը շարունակում եք անել հիմա: Մենք վերջին երկու տարիներին շատ դժվար ժամանակներ ենք անցկացրել, և դուք միշտ մեր կողքին եք եղել: Համոզված եմ, որ Ձեզ հետ ևս կշարունակենք բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը»,- ասել է Խաչատուրյանը։

Դեսպանն իր հերթին նշել է, որ ոգևորված է Հայաստանում գտնվելու համար․ «Նախքան գալս հնարավորություն ունեցա Սպիտակ տանը հանդիպել պետքարտուղար Բլինքենին, և կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ամբողջությամբ հանձնառու ենք շարունակել մեր սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն, բարգավաճում հաստատելու նպատակով։ Ես լավատես եմ: Չնայած գիտեմ, որ դժվարին, մարտահրավերներով լի ժամանակաշրջան է, ես լավատես եմ, որ միասին աշխատելով մենք կարող ենք Հայաստանը բերել նույնիսկ ավելի լավ մակարդակի, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերություններն ավելի լավ մակարդակի բարձրացնել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին պետական կառավարման, դատաիրավական համակարգերում Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և այս գործընթացներում ԱՄՆ աջակցությանը:

Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատումը: Այս համատեքստում նախագահը ներկայացրել է հարևանների հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:

Մեկնաբանել