«Վրացական երազանքը» քննադատում է «լրտեսներին» և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող «ծայրահեղականությունը»

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, լուսանկարը՝ կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիմանել է ԵՄ-ին, արևմտյան լրատվամիջոցներին և տեղական ՀԿ-ներին աջակցող արևմտյան կազմակերպություններին՝ խոստանալով քաղաքացիական հասարակության խմբերին ներառել «օտարերկրյա ազդեցության գործակալների» հատուկ «ռեգիստրում»։

Չորեքշաբթի երեկոյան խոսելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի օգտին (որն իր ոճով նման է ռուսաստանյան օրենքին)՝ Իրակլի Կոբախիձեն քննադատել է կառավարության տեղական քննադատներին:

Այն պահից ի վեր, երբ անցած շաբաթ «Ժողովրդի իշխանությունը» («Վրացական երազանք»-ի ճյուղերից մեկն է) ներկայացրեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, Կոբախիձեն այն պաշտպանել է, թերևս, շատ ավելի ակտիվ, քան հենց օրինագծի հեղինակները: Նա պնդել է, որ անհրաժեշտ է, որպեսզի վրացական քաղաքականությունում օտարերկրյա փողերի նկատմամբ ավելի մեծ թափանցիկության լինի։

Կոբախիձեն նաև քննադատել է, իր խոսքով, «զանգվածային գրաքննությունը» արևմտյան լրատվական գործակալություններում, քանի որ նրանք չկարողացան հրապարակել հոդվածները, որոնք գրվել էին կուսակցության և նրանց հիմնադրի կողմից:

Նա պնդել է, որ մի քանի լրատվամիջոցներ, որոնց անունները չի նշել, մերժել են հրապարակել միլիարդատեր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հոդվածները, որոնցում վերջինս քննադատում է շվեյցարական Credit Suisse բանկին:

Պնդելով, որ Իվանիշվիլին 2021 թ․ սկզբից է հեռացել քաղաքականությունից՝ իշխող կուսակցության առաջնորդները բազմիցս են հանդես եկել նրա պաշտպանությամբ՝ կապված Credit Suisse-ի հետ նրա անձնական վեճի հետ: Նրանք պնդում են, որ վեճը «պատերազմի գլոբալ կուսակցության» նախաձեռնությունն է, որով փորձ է արվում ճնշում գործադրել Իվանիշվիլիի վրա, որպեսզի նա վերադառնա քաղաքականություն և պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ:

Չորեքշաբթի Կոբախիձեն պնդել է, որ «Վրացական երազանք»-ը այդպիսի «գրաքննության» է արժանացել եվրոպական մամուլի կողմից 2020 թ․, երբ իրենք փորձում էին հանրայնացնել կառավարության տնտեսական ձեռքբերումները։

«Ժամանակին այն անմիջապես արգելափակվում էր […] եվրոպական լրատվամիջոցներում այս զանգվածային գրաքննությունը տագնապալի է»,- հավելել է Կոբախիձեն:

«Նրանք բևեռացում են ֆինանսավորում»

Չորեքշաբթի «Իմեդի» հեռուստաընկերության տված հարցազրույցում «Վրացական երազանք»-ի նախագահը Վաշինգտոնում գործող «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ»-ին (NED) և ԵՄ-ի աջակցությունն ստացող «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»-ին (EED) մեղադրել է Վրաստանում «ծայրահեղականությանը և բևեռացմանը» ֆինանսապես աջակցելու մեջ:

Կոբախիձեն որպես Արևմուտքի աջակցությունն ստացող «ծայրահեղական» խմբերի օրինակ նշել է ազատական ակտիվիստների «Ամոթ» խումբն ու ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունը:

«Ամոթ» արևմտամետ ազատական խմբավորումը վրացական քաղաքական ասպարեզում մեծ թափ հավաքեց, երբ 2019 թ․ ամռանը Թբիլիսիում ոստիկանությունն ուժի միջոցով ճնշեց բողոքի ցույցերը: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

«[«Ամոթ»-ը] ֆինանսավորվում է EED-ի կողմից, որը ԵՄ պաշտոնական գործակալություն է […] Մի կողմից նրանք քեզ ասում են, որ քո առաջնահերթ խնդիրը, նպատակը ապաբևեռացումն է, [մյուս կողմից] նրանք ֆինանսավորում են բևեռացումը […], ֆինանսավորում են ծայրահեղական կազմակերպությանը»,- դժգոհել է Կոբախիձեն։

Անցած տարվա հունիսին ԵՄ-ն Վրաստանին ներկայացված 12 առաջնահերթություններում ներառել էր նաև քաղաքական բևեռացման հարցը՝ որպես ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հայտի վերանայման նախապայման:

«EED-ը Վրաստանում հայտնի է [Վրաստանում ԵՄ նախկին դեսպան] Կարլ Հարցելով, որը ստիպում է նրանց վճարել [«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա] Մելիայի գրավը», – պնդել է Կոբախիձեն:

Նա պնդել է, որ EED-ի կողմից «Ամոթ»-ի և «Դրոա»-ի ֆինանսավորումը խոսում է ԵՄ-ում կոռուպցիայի «ընդլայնման» մասին։ Կոբախիձեն նկատի է ունեցել Եվրախորհրդարանում վերջերս տեղի ունեցած սկանդալը, երբ Կատարի և Մարոկկոյի կառավարությունները ենթադրաբար կաշառք էին տվել եվրոպացի օրենսդիրներին։

«Երբ խոսքն արաբների փողերի մասին է, հետաքննությունն այնտեղ արագ է ընթանում։ Բայց, ըստ երևույթին, երբ գումարները հոսում են վրացական աղբյուրներից, հետաքննությունն այդքան էլ արագ չի ընթանում»,- նշել է Կոբախիձեն՝ առանց լրացուցիչ պարզաբանման։

Նա NED-ին և EED-ին նաև քննադատել է Saving Rioni River խմբին աջակցելու համար՝ նշելով, որ դրանով խաթարում են Վրաստանի էներգետիկ անկախությունը։ Կոբախիձեն նաև քննադատել է Եվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավոր, Կանաչների խմբի անդամ Հայդի Հաուտալային արևմտյան Վրաստանում ծրագրված Նամախվանի ամբարտակի դեմ նրանց բողոքի ակցիային աջակցելու համար:

Գործակալ 007 և «լրտեսներ»

Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, Կոբախիձեն խոստացել էր, որ հանրությունն ավելին կիմանա Նամախվանիի դեմ բողոքի ցույցերի ֆինանսավորման մասին այն բանից հետո, երբ կստեղծվի հատուկ «ռեգիստր», որը կներառի «գործակալների»:

Նա պնդել էր, որ օտարերկրյա գործակալների օրենքը նախատեսված չէ խոսքի ազատությունը կամ հակակառավարական ցույցերը սահմանափակելու համար:

«[Օրենքում] մեզ դուր է գալիս այն, որ այս ամենը տեղի է ունենում թափանցիկ […] վրաց հանրությունը կիմանա, որ Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող և շինարարությունն արգելափակող կազմակերպությունները ֆինանսավորվում են այս կամ այն աղբյուրից»։

Նա դժգոհել է, որ օրենքի քննադատները կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես կարող է օրենքը կրճատել արևմտյան ֆինանսավորումը Վրաստանում, մինչդեռ նման ֆինանսավորումը, ըստ նրա, իրականում կարող է ստացվել ցանկացած կողմից։

Կոբախիձեն հիշատակել է ռուսամետ ծայրահեղական «Ալտ ինֆո» խմբավորումը և Կրեմլի կողմից ֆինանսավորվող Եվգենի Պրիմակովի անվան վրաց-ռուսական հասարակական կենտրոնը, և դա արել է միայն մեկ բանի՝ դրանք Արևմուտքի կողմից ֆինանսավորվող և կառավարությանը քննադատող խմբավորումների հետ համեմատելու համար՝ առանց մանրամասնելու, թե ֆինանսական թափանցիկության տեսանկյունից ինչ նմանություններ ունեն դրանք։

Վրաստանի իշխանությունները երբեք քրեական պատասխանատվության չեն ենթարկել «Ալտ ինֆո»-ի ղեկավարներին անցած տարվա հուլիսին լրագրողների և «Ամոթ» խմբի ներկայացուցիչների վրա հարձակումներ կազմակերպելու համար:

Կոբախիձեն վերջերս պնդել էր, որ Վրաստանում օտար երկրների կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին «գործակալներ» պիտակավորելը չի օգտագործվի դրանց որպես «լրտեսներ» արատավորելու համար:

Որպես ապացույց վկայակոչելով Ջեյմս Բոնդի ֆրանշիզան՝ «Վրացական երազանք»-ի նախագահը պնդել է, որ ԱՄՆ-ում «գործակալ» սովորաբար անվանում են «լրտեսներին», բայց հավելել է, որ Վրաստանի դեպքում այլ կերպ կլինի: Այնուամենայնիվ, Վրաստանում «գործակալների» մասին իր մտքերը բարձրաձայնելիս նա քիչ ջանք է գործադրել քննադատներին համոզելու համար։

«Գործակալ լինելը երբևէ ամենածանր վիճակն է, որովհետև երբ գործակալ ես, պետք է դուրս գաս քո երկրի, քո հայրենիքի դեմ […] Լրտես լինելը նշանակում է, որ դու ամբողջովին ստրկացված ես: Լրտեսը, գործակալը իր էությամբ ստրուկ է»,- «Իմեդի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոբախիձեն։

Ներկայացման պահից ի վեր օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը շարունակ քննադատության է արժանացել: Չորեքշաբթի թե՛ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն խումբը, որն ավելի քան 100 ազգային մասնաճյուղ ունի, այդ թվում՝ Վրաստանում, և թե՛ ԶԼՄ-ների ազատության պաշտպանության հարցերով զբաղվող Մամուլի միջազգային ինստիտուտը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությանը կոչ են արել մերժել օրինագիծը։

Մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանը մեջբերել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը, որն օրինագիծն անվանել էր «տագնապալի»։

Վիճահարույց օրինագծի վերաբերյալ առաջիկայում լսումներ պետք է անցկացվեն խորհրդարանական հանձնաժողովներում։

Աջակցել մեզ

Մեկնաբանել