Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է կայացել Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է․ «Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Հայաստանի հետ մեր հարաբերությունները համահունչ են ամբողջ տարածաշրջանի շահերին, և մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի»։

Լուսանկարը՝ IRNA-ի

Հայկական կողմը տեղեկացնում է, որ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ․ «Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Մեկնաբանել