Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»։

Սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից»:

Մեկնաբանել