Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ համաձայն 2022-ի օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023-ի ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

Ըստ աղբյուրի՝ 2022-ի օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

Նշվում է նաև, որ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:

«Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել