Թքելու միջադեպի համար Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել քաղաքացիներից

alen simonyan

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել քաղաքացու վրա թքելու միջադեպի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։

Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։

Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։

Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:

Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:

Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից»,- գրել է Սիմոնյանը։

Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև։ Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ նրա՝ անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։

Մեկնաբանել