Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում. Արմեն Գրիգորյան

Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում: ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից չստանալով ակնկալվող աջակցությունը՝ Հայաստանն անվտանգության այլ երաշխիքներ է փնտրում․ ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Արձագանքելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու մասին ռուսական կողմից հնչող կասկածներին և հայտարարություններին` ԱԽ քարտուղարը հիշեցրեց` դեռ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության ոլորտում որևէ փոփոխություն չի կատարելու:

«Իսկապես այդպես է եղել: Ես որպես պաշտոնյա մինչև 2021 թվականի դեկտեմբերը որևէ արևմտյան մայրաքաղաքում չեմ եղել, որևէ կոլեգայի հետ չեմ հանդիպել որպես անվտանգության խորհրդի քարտուղար: Սա մեր արտաքին քաղաքականության դիրքորոշումն էր և վարման ցուցիչ է եղել», – նշում է Գրիգորյանը:

Փոխարենը նա եղել է Բիշքեկում, Աստանայում, Մոսկվայում, Թեհրանում, Դելիում և այլուր: Նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի անվտանգության խոցելիության պայմաններում արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն կատարվել:

«Մենք Ռուսաստանի հետ խոսել ենք, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Օրինակ, որ Հայաստանի սահմանը «կարմիր գիծ» է, Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության և այլն: Դրանից հետո 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի վրա երկու հարձակում է տեղի ունեցել և մեր առջև խնդիր է առաջ եկել՝ մտածել մեր անվտանգության միջավայրի մասին», – նշում է Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս ուղենիշը նա անվանում է «այլընտրանքների փնտրտուք», իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու մասին դիտարկումներին ու կասկածներին հակադարձում. «Մենք օգնության համար ՀԱՊԿ-ին դիմել ենք 2021 թվականի մայիսին, նոյեմբերին և այդպես շարունակ: Եվ երբ որ օգնություն չենք ստացել, մենք այդ ժամանակ ենք փորձել այլընտրանքներ փնտրել: Երբ մեզ մեղադրում են, որ մենք արտաքին քաղաքականությունն ենք փոխում, ես առաջինը նրանց կմեղադրեմ: Դուք մտածեք՝ մենք ձեզնից ենք առաջինը օգնություն խնդրել, ձեզ ենք ասել՝ մեր հարցը 2021 թվականի մայիսին լուծեք, նոյեմբերին լուծեք: Երբ տեսել ենք՝ չեք լուծում, գնացել ենք անվտանգության երաշխիքներ փնտրելու»:

Այդ համատեքստում Գրիգորյանը հատուկ արձանագրում է` այդ ժամանակ Ուկրաինայի պատերազմը չէր ընթանում: «Սա շատ կարևոր է արձանագրել: Հիմա շատերը քննարկում են, թե Ուկրաինայի պատերազմի պատճառով է երևի այս ամենը տեղի ունենում: Ո՛չ՝ մեր մեր պրակտիկայի պատճառով է սա տեղի ունենում: Եվ ես սա չէի կոչի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն: Ես դա կկոչեի անվտանգության որոշակի փնտրտուք… Հայաստանի ներկայիս վարվող քաղաքականությունը արձագանք է, այլ ոչ թե նախապես պլանավորված որոշում»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

Զրույցի ընթացքում Գրիգորյանն արձագանքում է նաև ռուսաստանցի փորձագետների ու որոշ պաշտոնյաների հայտարարություններին առ այն, թե ինչ աջակցություն պետք է ակնկալել Ռուսաստանից, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ բախումների ժամանակ ոչ ռազմական դրություն է հայտարարել, ոչ էլ՝ զորահավաք:
«Երբ ցանկանան օգնել, հազար պատճառ կգտնեն օգնելու, երբ չցանկանան օգնել, հազար պատճառ կգտնեն չօգնելու: Ռազմական դրության մասին օրենքն ընդունեինք, կասեին՝ սահմանը դելիմիտացված չէ, չգիտենք՝ որտեղ պահենք, եթե դա էլ հստակ լիներ, կասեին` ուզո՞ւմ եք, որ մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնենք», – նկատում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Մեկնաբանել