Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է ԵՄ կոչերին․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բորելը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։ Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Հայաստանը Ռուսաստանին կոչ է արել «ի վերջո կատարել ստանձնած պարտավորությունը»։ Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, հատկապես՝ Ռուսաստանին՝ «ամենակարճ ժամկետում ակնկալելով գործուն քայլեր»։

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների ազատ ելումուտը։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Ֆրանսիան ևս Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են (վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով)։

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, հայտարարել է, որ ցանկացած միակողմանի քայլ անընդունելի է։ ԱԳՆ-ն նաև Երևանին ու Բաքվին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները։

Մեկնաբանել