ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխության շուրջ բանակցություններում․ Միրզոյան

Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել Լաչինի միջանցքի ռեժիմի նոր կարգավորման շուրջ բանակցություններում։ Այդ մասին ապրիլի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը և ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, պայմանավորվածություն ձեռք է բերվել և այդ կարգավորումը հայտնի է, այդ պայմանավորվածությունը արտացոլված է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Լաչինի միջանցքի ռեժիմի նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել։ Ավելին, կարծում ենք բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ»,- ասաց Միրզոյանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օրերս հայտարարել էր, որ մինչ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը, ադրբեջանական կողմն առաջարկել էր թափանցիկ վերահսկողության ռեժիմ ներդնել։ Ըստ Բայրամովի՝ Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։

Ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունները արևմտյան մայրաքաղաքներում և Մոսկվայում անցկացնելու նախընտրության հարցին․ «Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում։ Խաղաղության գործընթացը մեկն է, բանակցություններն էլ ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում»։

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին մոտ և ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Հակարի գետի կամրջին կից, իր հսկիչ-անցագրային կետն է տեղադրել։ Բաքուն հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Մեկնաբանել