2023-ի հունվար-ապրիլին պետբյուջեի եկամուտներն աճել են 20 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին պետական բյուջեի եկամուտները ավելացել են 20%-ով՝ կազմելով 758,1 մլրդ դրամ (1,95 մլրդ դոլար):

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 758,1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 126,3 մլրդ դրամով կամ 20%-ով:

Գերատեսչությունից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125,5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 51,1 մլրդ դրամով կամ 68,6%-ով:

Ապրիլի 27-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «աննախադեպ» էր որակել պետբյուջեի եկամուտների աճը` նշելով, որ ապրիլին հարկային մուտքերը կազմել են ավելի քան 295 մլրդ:

«Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ամիս, երբ պետբյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ։ Օրինակ՝ 2022 թվականի ապրիլին, որը նույնպես բավականին հաջող տարի էր, մենք հավաքագրեցինք 231 միլիարդ դրամ»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել