Փաշինյանը ներկայացրեց «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրման նախապատմությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 3-ին, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը և դրան հետևած թուրքական արձագանքին։

«Իրականում այդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով։ Այդ նախաձեռնությունները եղել են 2020-ի դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում։ Երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է, բոլորը մտածել են այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ, բա որ մենք չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս, ըստ էության, առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց իրականում մենք անընդհատ մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք»,- ասաց նա։

Փաշինյանը հարց բարձրացրեց՝ եթե նման արձան Հայաստանում չլիներ, դրանից կտուժե՞ր, թե՞ կշահեր Հայաստանը․ «ՀՀ-ն կամ երբեք չի առաջնորդվել, կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, բայց եկել է ժամանակը, որ մենք էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի»։

***

Ապրիլի 25-ին Երևանում բացվել էր «Նեմեսիս»-ի (Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատժելու գործողության) հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարել։ Ավելի ուշ թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ օդային տարածքը փակվել է հենց հուշարձանի տեղադրման պատճառով։

Մեկնաբանել