ԱՄՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում համաձայնության գալ սահմանից ուժերի հետքաշման շուրջ

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերը հետ քաշելու շուրջ։ Այդ մասին մայիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով մայիսի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղի ունեցած միջադեպին։

Ըստ պետքարտուղարության փոխխոսնակի՝ նման միջադեպերը խաթարում են խաղաղության գործընթացը։

«Մենք կոչ ենք անում այս երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի – խմբ․) ղեկավարներին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերը հետ քաշելու շուրջ, ինչպես քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում պետքարտուղար Բլինկենի մասնակցությամբ բանակցությունների ժամանակ»,- ասել է նա։

***

Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի սկզբին հանդիպումների շարք էին անցկացրել Վաշինգտոնում՝ երկկողմ և եռակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, ձևաչափերով։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնական հաղորդագրություններ են տարածել՝ նշելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։