Արցախը չի ընդունելու մոտեցումները, որոնք ներկայացրել է ՀՀ վարչապետը․ Արցախի նախկին նախագահների հայտարարությունը

Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը համատեղ հայտարարությամբ արձագանքել են երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին:

Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել: Բազմաթիվ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալված բանակցությունների, աղետաբեր պատերազմի և հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարելու պարտադրանքի առջև:

Տևական ժամանակ մենք ձգտել ենք հավատարիմ մնալ հայկական երկու հանրապետությունների քաղաքական վերնախավերի մոտ ձևավորված այն ավանդույթին, որ իրար ներքին գործերին չմիաջամտելը համարվել է քաղաքական կոռեկտության դրսևորում:

Սակայն, այն ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, մասնավորապես, խախտելով համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանելու պարտավորությունը:

Մեր նախնիների դարավոր պայքարի և այդ հիմքի վրա ձևավորված արցախյան ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ վեր է խոյացել ազգային արժանապատվության նոր որակ, որը նսեմացնելու իրավունք ոչ ոք չունի, անկախ իր զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:

Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար:

Հավատում ենք, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանել