ՔՊ-ական պատգամավորն Արցախը համեմատել է Գլենդելի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունից հետո արցախցիների վրդովմունքին և այդ հարցում նրանց կարծիքը հաշվի առնելուն։

«Ես՝ որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր, առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերով և դրանց սպասարկմամբ: Հայաստանի շահերի պաշտպանությունը մեր առանցքային խնդիրն է: Բոլոր մնացած հարցերը Հայաստանի ինքնիշխանության և ՀՀ կենսագործունեության բաղադրիչներ են: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, որը կպնդի, որ Հայաստանի պետական շահերը պտք է ստորադասվեն օրակարգի որևէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեություն»,- մայիսի 24-ին ասել է Արսենյանը։

Դիտարկմանը, որ Արցախում հայեր են ապրում, իշխանական պատգամավորն արձագանքել է. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը։ Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջև, երբ մեր միտքը և սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»։

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։ Փաշինյանի հնչեցրած մտքից հետո Արցախի խորհրդարանը, նախկին և գործող նախագահները հայտարարություններով էին հանդես եկել՝ անընդունելի համարելով ՀՀ վարչապետի մոտեցումները։

Մեկնաբանել