ԱՄՆ-ի ամենաանփույթ վարորդները վաշինգտոնցիներն են

Ապահովագրական ընկերությունները ԱՄՆ-ի մայրաքաղաքի բնակիչներին անվանել են երկրի ամենաանփույթ վարորդներ, հաղորդում է ամերիկյան WTOP ռադիոկայանը։

«Մայրաքաղաքային Կոլումբիա շրջանում վարորդները հայտնվում են վթարում և համապատասխան ծանուցագրեր լրացնում ապահովագրական ընկերությունների համար միջինը մեկ անգամ 4,7 տարվա ընթացքում։ Հետևաբար՝ վաշինգտոնցու՝ վթարում հայտնվելու հավանականությունը 112%-ով բարձր է, քան երկրի մյուս շրջանների վարորդներինը։ Միջին ամերիկացին հայտնվում է ճանապարհատրանսպորտային պատահարում տասը տարին մեկ անգամ»,- ռադիոկայանը ներկայացնում է Allstate ազգային ապահովագրական ընկերության հաշվետվության տվյալները։

Վթարայնության ցուցանիշով ԱՄՆ-ի երկրորդ քաղաք է անվանվել Մերիլենդ նահանգի Բալտիմորը, երրորդ՝ Պրովիդենսը (Ռոդ Այլենդ)։

ԱՄՆ-ի ամենազգույշ վարորդներ են համարվում Հարավային Դակոտայի Սու Ֆոլս քաղաքի, Արիզոնայի Տուսոնի, Վիսկոնսինի Միլուոկիի և Միսուրիի Կանզաս Սիթիի բնակիչները։

Նյու Յորքը, որը շատ ամերիկացիներ համարում են վարորդների համար ամենավտանգավոր ու անհարմար մեգապոլիսը, զբաղեցնում է 20-րդ տեղը ԱՄՆ-ի ամենաանփույթ վարորդներ ունեցող 25 քաղաքների ցուցակում՝ այս ցուցանիշով զիջելով, ի թիվս այլ քաղաքների, Ֆիլադելֆիային, Մայամիին, Սան Ֆրացիսկոյին ու Լոս Անջելեսին։

Մեկնաբանել