Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին, հայտնում են վարչապետի գրասենյակից։

Փաշինյանը հույս է հայտնել, որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել:

«Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում պարոն Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն ընդգծվել է տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը:

Փաշինյանն ու Շեյմենն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը»,- նշում են վարչապետի աշխատակազմից։

***

Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր 2012-ի թվականին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից:

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպմանը։

Մեկնաբանել