Թե ինչպես հինգ տարեկանում Շուշին թողած ապագա գիտնականը գտավ իր տունը

1926. տեսարան Շուշիից։ Լուսանկարն արել է հայ ռուսագիր գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանը։

Այսօր՝ 2023-ի հունիսի 1-ին, երբ մեր սիրելի Սարոյանի բառերով՝ մեր բոլոր կռիվները մղված ու տանուլ են տված, փորձեցի խորապես պարտված հորս հետ վերջապես սկսել խոսել մի բանից, որի մասին ահավոր լռում է 2020-ից։

Գնացինք հետ, շատ հետ, որ կամաց-կամաց գանք։

Մի ժամանակ պատմում էր, որ քսան թվականին ադրբեջանցիների վառած Շուշիի ավերակները ահագին ժամանակ դեռ մնացել էին, հետո Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ հետքը պետք է կորցնել, ու 1958-1960 թվականների միջակայքում սկսեցին քանդել ավերակներն ու «մաքրեցին»։ «Մաքրման» աշխատանքները շարունակվեցին մինչև ութսունականների կեսերը։ Դրանք ավարտին հասցրեց Հեյդար Ալիևը իր` Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար լինելու ժամանակ (1969-1982 ):

Ճշգրիտ թվականը հիշելու ընթացքում հայրս հիշեց, որ չորրորդ դասարանում իրեն տարել են Շուշի, ավերակ քաղաքը կար, ինքը տեսել է։ 1955 թվականն էր։

Հետո հիշեց մի պատմություն, որ, կարծում եմ, պետք է պատմել։

Ութսունականների սկզբին Երևանում Հայագիտական առաջին միջազգային գիտաժողովն էր։ Այդ գիտաժողովի օրերը հիշում եմ շատ վառ։ Լեզվի ինստիտուտի հետ իմ՝ դեռ մանկական տարիքից սերտ կապի ու այդ օրերին մեր տանը տիրող աշխուժության, տեսակով նոր իրարանցման շնորհիվ։

Խորհրդային երկրում դրսի աշխարհի հետ կապ ունեցող միջացառումները եզակի էին, հիմնականում՝ գիտական։ Երևան էին եկել հայագետներ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից ու էլի շատ երկրներից, որոնց մի մասն արդեն չեմ հիշում, այդ գիտաժողովից իմ մանկական հիշողության մնացին հայտնի հայագետների, լեզվաբանների, արևելագետների անուններ՝ Ֆեյդի, Պիսովիչ, Գամկրելիձե, Սանճեան, ու նաև իրենց տեսակով ինձ համար նոր բլոկնոտները՝ կազմի վրա «ԱՅԲ ԲԵՆ» տառանվանումներով։ Գիտաժողովից հետո մեր փոստի մեջ բոլոր նամակներից տարբերվող ծրարով ու նամականիշերով մի նամակ էր հայտնվում պարբերաբար՝ Կրակով․ Պիսովիչից։

Այդ գիտաժողովին Մոսկվայից հրավիրված էր ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ավանեսովը։ Եթե չզլանաք, փնտրեք այդ մարդու անունը համացանցում, որ տեսնեք դեմքը։

Ռուբեն Ավանեսովին դիմավորելն ու Երևանում ուղեկցելը հանձնարարվել էր հորս։ Ասում է՝ երբ գնացքից իջավ, մոտեցա, ներկայացա, առաջին բանը, որ հարցրեց, սա էր․ «Մի պապս դաշնակ էր, մյուսը՝ կոմունիստ։ Ես կարո՞ղ է խնդիր ունենամ այստեղ»։ Հայրս ասել է՝ ոչ մի խնդիր չի կարող լինել, կատակով ասել է՝ բոլորիս մի պապը դաշնակ է, մյուսը՝ կոմունիստ։

Գիտաժողովի ավարտին Ռուբեն Ավանեսովը դիմել է Լեզվի ինստիտուտի տնօրեն Գևորգ Ջահուկյանին մի խնդրանքով՝ մեքենա տրամադրել, որ Շուշի գնա։

Ռուբեն Ավանեսովը ծնվել է Շուշիում՝ 1902-ի փետրվարի 1-ին։ Հինգ տարեկան էր, երբ ազերի-թուրքերը վառել են քաղաքը։ Ընդամենը հինգ տարի է ապրել իր քաղաքում։

Վիքիպեդիայում Ռուբեն Ավանեսովի անվան դիմաց նշվում է՝ 1 փետրվարի, 1902, Շուշի, Ելիզավետպոլի գուբերնիա։ Հինգ տարի Շուշիում ապրելուց հետո այլևս երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղում։ Ավարտել է Լազարյան ճեմարանն ու ամբողջ կյանքում ապրել ու շարունակել գիտական աշխատանքը Մոսկվայում։

Գևորգ Ջահուկյանը կատարում է Ավանեսովի խնդրանքը, տրամադրում է իր ծառայողական մեքենան։

Շուշիից վերադառնալուց հետո Ջահուկյանի վարորդը ապշած պատմում է բոլորին, որ Շուշիում ընդամենը մինչև հինգ տարեկան ապրած ութսունամյա գիտնականը, հենց իջել է մեքենայից, անշփոթ, ուղիղ գնացել իրենց տան դիմաց կանգնել է։

Մեկնաբանել