Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազություն

Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ:

Դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 2-ին, վերացվել է Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:

Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

«Ա. Ղայթմազյանը 2023-ի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ»,- ասված է հաղորդագրությունում։

Դատախազի կողմից հանձնարարություն է տրվել Ղայթմազյանին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:

Դատախազը պահանջել է նաև քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները, ինչպես նաև քննության առարկա դարձնել անչափահաս տուժողի՝ նշված համալիրում աշխատելու իրավական հիմքերը:

Մեկնաբանել