Այժմ իրավիճակը Երասխում հարաբերական կայուն է․ պաշտպանության փոխնախարար

Այս պահին իրավիճակը Երասխում հարաբերական կայուն է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Այժմ որևէ տեսակի զինատեսակից կրակոցներ չկան»,- հայտնեց նա։

Փոխնախարարը նշում է, որ վերջին օրերին որոշակի լարվածության միտում նկատվում է, բայց ընդհանուր առմամբ սահմանային իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն։

«Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում և որպես կանոն դրան հաջորդում են որոշակի քայլեր։ Էսկալացիայի հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես թե նույնն է և նորից (Ադրբեջանը – խմբ․)շարունակում են տեղային խնդիրներ ստեղծել։ Խուճապի կարիք չկա, մեր զինված ուժերը համարժեք պատասխան տալիս են և կտան»,- ասաց Սարգսյանը։

***

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

Երեկ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրկին թիրախավորված կրակ էր վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին, թե իբր գործարանի շահագործումը շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցություն կունենա: ՀՀ-ն արդեն հայտնել է, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ անհանգստությունը պարզապես նպատակ ունի խոչընդոտել Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները:

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ «Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ ՀՀ-ի հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանին պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և վերջինիս անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հասնելու անընդունելի քաղաքականությունը»։

Մեկնաբանել