Ինչի ընդունակ կլինեն 10 մլրդ-ի դիմաց. ՌԱԿ

Ռամիլ Սաֆարովին արդարացնելու Իլհամ Ալիևի որոշան դատապարտման և համախմբվելով` ողջ աշխարհում այս հայատյաց քաղաքականության դեմ պայքարի ելնելու կոչերով` հայտարարություն է տարածել Ռամկավար ազատական կուսակցությունը: Ներկայացնում ենք այն.

«Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. քնած ժամանակ սառնասրտորեն կացնահարած և այդ անմարդկային արարքի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման և ժամեր անց Իլհամ Ալիևի կողմից նողկալի մարդասպանին ներում շնորհելու լուրն, իսկապես, համահայկական վրդովմունք է առաջացրել: Համոզված ենք, համաշխարհային նորագույն պատմություն` ամենաբռնատիրական վարչակարգերի պատմությունն անգամ, նման նախադեպ չի հիշում, երբ պետության ղեկավարն իրեն դրսևորում է որպես սովորական վարձու մարդասպան: Հայատյացությունը որպես երկրի արտաքին քաղաքականության անկյունաքար հռչակած ու մարդասպաններին հերոսացնելու բացառիկ տաղանդ ունեցող Իլհամ Ալիևն իր այս քայլով իրեն հակադրում է արդեն ոչ միայն միջազգային իրավունքին, այլև առողջ բանականությանը և քաղաքակրթության զարգացման հիմքում ընկած հումանիզմի տարրական սկզբունքներին: Ադրբեջանական կողմի պահվածքը ոչնչով զարմանալի չէ, քանի որ նրանց համար մարդատյացությունը սովորական կենցաղ է, ապրելակերպ, նրանք հարցերի լուծման այլ եղանակի պարզապես ընդունակ էլ չեն: Զարմանալին ու զայրացուցիչը հունգարական կողմի եվրոպացուն ամենևին ոչ վայել կեցվածքն է: Հունգարական իշխանությունները, փաստորեն, վաճառքի հանեցին իրենց խիղճն ու ոտնահարեցին բարոյական ընդունելի բոլոր արժեքներն ընդամենը 2 մլրդի համար: Ակամա հարց է առաջանում. իսկ ինչի են նրանք ընդունակ անելու, ասենք, 5, 8 կամ 10 մլրդի դիմաց: Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է նողկալի հանցագործի հանդեպ դրսևորած նման պահվածքը և կոչ անում աշխարհի մարդասեր հասարակայնությանը, քաղաքակիրթ երկրների իշխանություններին, եկեղեցական ու հասարակական կառույցներինՙ բարձրացնել ձայնը ի պաշտպանություն մարդկային ամենատարրական նորմերի, մերժել ազգային պատկանելության հողի վրա կատարված յուրաքանչյուր հանցագործություն, անարգանքի սյունին գամել չգիտես որտեղից Եվրոպայում հայտնված, սակայն եվրոպացուն ոչ վայել պահվածք որդեգրած հունգարական իշխանություններին:
Կոչ ենք անում Սփյուռքում ՌԱԿ բոլոր կառույցներին, անդամներին և համակիրներին տվյալ երկրներում ջանք չխնայել պետական կառույցների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների դատապարտումը ապահովելու ընդդեմ Հունգարիա-Ադրբեջան ամոթալի՛, հանցագո՛րծ այս գործարքին»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել