«Անօրինականները» բնակություն են հաստատում իսպանական անմարդաբնակ կղզիներում

Իսպանիան ու Մարոկկոն պայմանավորվել են համատեղ պայքարել անօրինականների փոխադրումը Եվրոպա կազմակերպող մաֆիոզական խմբավորումների դեմ։ Վերջին օրերին Մարոկկոյի ափամերձ իսպանական կղզիներ են ներթափանցել մի քանի տասնյակ աֆրիկացիներ, որոնց մեջ կան կանայք և երեխաներ։ Նրանց մեծ մասը ժամանել է Իսլա դե Տերա կղզի, հաղորդում է Euronews-ը։

Մադրիդի իշխանությունները հայտնվել են բարդ իրադրությունում․ մի կողմից՝ նրանք չեն կարող բոլորին տեղափոխել Իսպանիա, քանի որ դա միայն ներգաղթյալների նոր հոսք կառաջացնի դեպի անմարդաբնակ կղզիներ, մյուս կողմից՝ չեն կարող մարդկանց թողնել բախտի քմահաճույքին։ Կարճատև բանակցություններից հետո Իսպանիան ու Մարոկկոն համաձայնել են ժամանածներին բաժանել միմյանց մեջ։

Իսպանիայի արտգործնախարարը անմարդաբնակ կղզիների «զավթումն» անվանել է «մաֆիոզական խմբավորումների կողմից համակարգվող ակցիա, որը վտանգում է մարդկանց կյանքերը»։ Նրա խոսքով՝ մաֆիան «փոխեց մարտավարությունը» այն բանից հետո, երբ իսպանացի սահմանապահները սկսեցին կանգնեցնել իրենց տարածքային ջրեր մտնել փորձող բոլոր նավակները՝ շնորհիվ վաղ հայտնաբերման կատարելագործված համակարգի։ Վեցմետրանոց մետաղական ցանկապատերի երկու շարք կանգնեցվեց Մարոկկոյում իսպանական անկլավներ Սեուտայի և Մելիլյայի շուրջը։ Սա նույնպես դժվարացրեց անօրինական ներգաղթյալների մուտքը։ Եվ այդ ժամանակ անօրինականներին սկսեցին տեղափոխել կղզիներ, որոնց կարելի է հասնել լողալով։

Մեկնաբանել