Իրավիճակն ավելի մոտ է պատերազմի, քան խաղաղության. Թոմաս դե Վաալ

«Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը BBC-ի ռուսական ծառայության կայքում հոդված է հրապարակել Հունգարիայում հայ սպայի ապանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արատահանձնելու մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Այս շաբաթը հուսախաբ արեց բոլոր նրանց, ովքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հույս ունեին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմեց սադրիչ քայլի` ներում շնորհելով ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում սպանել էր հայ զինծառայողի և հետագայում արտահանձնվել հայրենիք: Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար: Հանցագործությունը տեղի էր ունեցել 2004թ., երբ երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի վերապատրաստման կուրսերին:

Էմոցիաների պոռթկում

2004թ. ազգային հողի վրա կատարված ոճրագործությունը բուռն արձագանք ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Լրատվամիջոցները բանավոր պատերազմ սկսեցին, որոնք, որպես կանոն, իրենց թույլ են տալիս ասել ավելին, քան պաշտոնատար անձինք:

Հայաստանում Մարգարյանի թաղման արարողությունը դարձավ պետական մասշտաբի իրադարձություն, իսկ Ադրբեջանում որոշ խորհրդարանականներ հանդգնեցին Սաֆարովին հերոս անվանել: Այդուհանդերձ, Ադրբեջանում գտնվեցին անհատներ, որոնք ամոթի զգացում ունեցան Սաֆարովի արարքի համար: Ութ տարի անց իրավիճակը կտրուկ փոխվեց, և մնում է սպասել` ինչ հետևանքներ կունենան վերջին զարգացումները:

Մեզ համար անհայտ պատճառներով Հունգարիայի կառավարությունը համաձայնեց Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին երկու կողմերի միջև կնքված կոնվենցիայի հիման վրա, համաձայն որի` դատապարտյալը կարող էր իր պատիժը կրել հայրենիքում և ազատ արձակվել պատժի 25 տարին կրելուց հետո միայն: Դրա փոխարեն` Սաֆարովին անմիջապես ներում է շնորհվել, ավելին` Ադրբեջանի իշխանությունները նրան ազատ են արձակել և նույնիսկ հերոսացրել: Սաֆարովին բնակարան են հատկացրել Բաքվում և նրան շնորհել մայորի կոչում:

Միջազգային քննադատությունը

Ցանկացած գործողություն համապատասխան ռեակցիա է առաջ բերում: Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը իրենց պաշտոնական հայտարարություններում քննադատեցին Ադրբեջանին, և դա զարմանալի չէ:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այս առիթով իր անհանգստությունն արտահայտեց` ձեռնպահ մնալով, սակայն, Հունգարիայի հասցեին ուղիղ քննադատությունից: ԵՄ-ն առանց այդ էլ դժգոհ է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից և նրա վարած քաղաքականությունից:

Ինչ վերաբերում է Հայաստանին` նա, ըստ երևույթին, հասել է վերջնակետին. Երևանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, և ղարաբաղյան հակամարտության` առանց այն էլ ձախողված բանակցային գործընթացին հետևող միջազգային դիտորդներն անհանգիստ սպասում են դեպքերի հետագա զարգացմանը:

Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ բավարարված չեն խաղաղ կարգավորման գործընթացով: Հունիսին Երևանը բավական կտրուկ ձևով հետաքրքրվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից, թե ինչու է ԱՄՆ-ը այդքան պասիվ արձագանքում հայ-ադրբեջանական զինադադարի խախտման դեպքերին, որոնց համար պատասխանատու է Բաքուն: Այժմ Հայաստանը բանակցություններից հրաժարվելու լրացուցիչ առիթ ունի: Որոշ հայ մեկնաբաններ նույնիսկ կոչ են անում դիմել այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Մտավախություն կա, որ Հայաստանի ծայրահեղորեն տրամադրված տարրերը կարող են վերժխնդիր լինել: Այսպիսով` Ադրբեջանի կառավարության գործողություններն այլևս ոչ մի կերպ չի կարելի պարզապես վրիպում որակել: Դա ավելի շուտ վկայում է այն մասին, թե ինչ կարգի խորհուրդներ են տալիս Ալիևին նրա մերձավորները:

Վերջին տարիներին Բաքուն տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ է ծախսել` փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր: Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, իսկ Բաքուն վերջերս հյուրընկալել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրկաբաց ընդունեց ոճրագործին, երկրի հեղինակությունը մեծապես տուժեց: Ցավոք` իրավիճակը շահեկան է սոսկ երկու երկրների ծայրահեղականների համար: Հայաստանում կոշտ քաղաքականության կողմնակիցներին ևս մեկ անգամ առիթ ընձեռվեց ադրբեջանցիներին անվանել բարբարոսներ, որոնց չի կարելի վստահել:

Ես անձամբ ճանաչում եմ մի շարք ադրբեջանցի հասարակական ակտիվիստների և միջին օղակի պաշտոնյաների, որոնք տեսախցիկներից հեռու փորձում էին երկխոսություն հաստատել հայերի հետ: Վերջին դեպքերն ապարդյուն են դարձնում նրանց ջանքերը: Այս մութ դրվագի միակ դրական կողմն այն է, որ միջազգային հանրությունը հնարավոր է` ավելի շատ ուշադրություն դարձնի հայ-ադրբեջանական հակամարտության սրման նոր սպառնալիքին:

Հակառակ տարածված կարծիքի` այս հակամարտությունն ամենևին «սառեցված» վիճակում չէ: Մինչև այսօր Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեղմ միջնորդական ջանքերը չեն նպաստել կողմերի անհաշտ դիրքերի մերձեցմանը:

Իսկ Բաքվում Սաֆարովին ցուցաբերված ընդունելությունը ենթադրում է, որ իրավիճակն ավելի մոտ է պատերազմի, քան խաղաղության, և այս անկումը կարելի է կասեցնել անհապաղ դիվանագիտական ջանքերով:

Մեկնաբանել