Հայաստանը կներկայացվի Սիլիկոնային հովտում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունները նոյեմբերի 14-15-ը հինգերորդ անգամ կներկայանան ԱՄՆ Սիլիկոնային հովտում։ Այս տարի «Արմթեք 2012» բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովն անցկացվելու է Ստենդֆորդի համալսարանում։

Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ ասուլիսին Տիգրան Դավթյանը նշեց, որ համաժողովի անցկացումը իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով, և ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ պետության ֆինանսական մասնակցությունը լինելու 10-15%։ Մյուս մասը հատկացնելու են ընկերությունները և միջազգային ֆինանսական կառույցները։ Ըստ նախարարի՝ մոտավոր հաշվարկներով երկօրյա միջոցառմանը կծախսվի մոտ $150 հազ.։ Տիգրան Դավթյանը նշեց նաև, որ ԱՄՆ-ում միջոցառման կազմակերպչական հարցերը հոգալու է նման համաժողով անցկացնելու գաղափարի հեղինակ Թոնի Մորոյանը։

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ միջոցառման շրջանակներում Սիլիկոնային հովտում կբացվի նաև Հայաստանի գրասենյակ, որը հայկական ընկերություններին օգնելու է հաստատել գործարար կապեր, ապահովել օտարերկրյա ՏՏ ընկերությունների մուտքը Հայաստան, նպաստել ներդրումներին։

Թոնի Մորոյանի խոսքով՝ Հայաստանի ՏՏ ոլորտը զարգանում է, Հայաստանն արդեն ճանաչելի է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, իսկ նման միջոցառման շարունակականությունը հնարավորություն է տալիս էլ ավելի ամրապնդել երկրի ճանաչելիությունը։