Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի ազատ բանակի` օդանավակայաններին ուղղած սպառնալիքները

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Սիրիայի ազատ բանակին և նրանց հովանավորներին՝ քաղաքացիական օդանավակայաններին ուղղած սպառնալիքների համար:

Ռուսաստանը սա համարում է միջազգային օրենքի խախտում, որը հակասում է 1944թ. Չիկագոյի քաղաքացիական ավիացիայի միջազգային համաձայնագրին: «Եթե այդ սպառնալիքները կյանքի կոչվեն, ապա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կկրեն ոչ միայն անմիջական պատասխանատուները, այլև նրանց հովանավորողները,»- ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Միաժամանակ՝ Ռուսաստանն իր քաղաքացիներին հորդորել է Սիրիա չայցելել, իսկ Սիրիայում բնակվող իր քաղաքացիներին կոչ է արել երկիրը լքելիս ավելի ապահով ճանապարհներ ընտրել:

Հիշեցնենք, որ Սիրիայի ազատ բանակը չորս օր առաջ վերջնագիր էր ներկայացրել քաղաքացիական ավիացիայի ընկերություններին՝ մինչև սեպտեմբերի 1-ը դեպի Հալեպ և Դամասկոս բոլոր թռիչքները դադարեցնելու նպատակով:

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն ևս ժամանակավորապես դադարեցրել է Երևան-Հալեպ-Երևան չվերթների իրականացումը։ Ինչպես ՍիվիլՆեթին հաղորդել էր «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայի ազատ բանակի սպառնալիքներն առ այն, որ նրանք կոչնչացնեն Հալեպի և Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը: Հետագա չվերթների մասին տեղեկություններ դեռ չկան: