Բրյուսելում կտուգանեն վիրավորանքների համար

Բրյուսելի քաղաքապետարանը սեպտեմբերի 4-ին վարչական տուգանքներ է սահմանել մարդկանց հասարակական վայրերում ու քաղաքի փողոցներում վիարվորելու համար, հաղորդում է AFP-ն։ Այսուհետ օրինախախտներն իրենց գործողությունների համար պարտավոր կլինեն վճարել մինչև €250։

«Ցանկացած տիպի վիրավորանք պատժվելու է։ Սա վերաբերում է ռասիստական, սեքսուալ բնույթի, հոմոֆոբիական և նմանատիպ այլ արտահայտություններին»,- հայտարարել է Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելեմանսը։

Նրա խոսքով՝ բրյուսելյան դատարանները չափազանց ծանրաբեռնված են այլ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ կենցաղային վիրավորանքի դեպքերը հաճախ մնում են անպատիժ։ Այժմ օրինախախտներին տուգանելու իրավունք է ստացել ոստիկանությունը։ Ընդ որում՝ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև նրանց նկատմամբ, ովքեր կոպիտ պահվածք են դրսևորում մարդկանց ներկայությամբ, օրինակ՝ հրմշտում են շրջապատողներին։

Վիրավորանքների համար տուգանքների մասին օրենքն ընդունվել է «Կինը փողոցում» փաստագրական ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմում, որը մասամբ նկարահանվել է թաքնված տեսախցիկով, ցույց է տրվում, որ միայնակ կինը Բրյուսելի փողոցներում հաճախ դառնում է վիրավորանքների օբյեկտ և ենթարկվում է նվաստացումների։