Հնդկահայ համայնքը բողոքի նամակ է հանձնել Հունգարիայի հյուպատոսությանը

Այսօր Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնն է բարձրացրել Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջև` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձման և Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ է հանձնվել Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսությանը. այս մասին տեղեկացնում են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից:

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգև է: Կանխամտածված սպանությունը հանցանք է մարդկության և Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի` ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդկային արժանապատվությունը և մերժում է աստվածային օրենքը երկրի վրա»:

Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքն է հայտնել և ասել, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի և, ի նշան բողոքի,  հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը:

Հիշեցնենք, որ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը 2006 թվականին հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` 30 տարի առանց ներման իրավունքի:

Ազերի մարդասպանը 2004 թվականին առանձնակի դաժանությամբ կացնով սպանել է հայկական բանակի սպա 26-ամյա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Նրանք երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին:

Դատավարությունը բացահայտել է, որ Գուրգեն Մարգարյանը առանձնակի դաժանությամբ սպանվել է միայն հայ լինելու պատճառով: Մարդասպանը խոստովանել է իր հանցանքը, բայց երբեք չի զղջացել: