Ընտրախախտումների մասին` ահազանգել ոստիկանության թեժ գծին

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով տեղի է ունեցել ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Նիստը վարել է խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում ի մի է բերվել նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, ամփոփվել են արդյունքները, քննարկվել ծագած խնդիրներն ու խմբի անդամների առաջարկները:

Համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման շրջանում և բուն ընտրությունների ընթացքում օրինականության և հասարակական կարգի ապահովման համար ոստիկանության մարզային վարչությունների և բաժինների պետերը անձնական պատասխանատվություն են կրում և պետք է հստակ ու լիարժեք կատարեն ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրի պահանջները:

Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, իսկ մինչ այդ խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների, որոնք տեղերում կստուգեն ոստիկանների պատրաստականությունը, ինչպես և անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերեն անձնակազմերին:

Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվել է սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ:

Քաղաքացիներն իրենց հետաքրքրող ու մտահոգող հարցերով կարող են դիմել (010) 54-69-12 և (010) 54-69-14 հեռախոսահամարներով: