Հայաստանը կոչ է անում արդար դատաքննություն ապահովել Խոդորկովսկու համար

ԲՐՅՈՒՍԵԼՔեթրին Էշթոնը` Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության պատասխանատուն, խիստ քննադատելով բանտարկված հանցագործների փոխանցումը Հունգարիայից Ադրբեջան, ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից և ընդհանուր առմամբ համը չհանել:

«Մենք շատ մտահոգված ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի զինվորները միմյանց կացնահարում են քնած ժամանակ: Ցավում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հասկանում կամ սխալ են մեկնաբանում եվրոպական արժեքները ու էդ տիպի բաներ են անում: Ի տարբերություն հայերի ու ադրբեջանցիների՝ մենք` եվրոպացիներս, միմյանց կացնահարելու փոխարեն հարցերը լուծում ենք խոսելով ու փոխզիջման գալով: Հույս ունեմ, որ հայերը, ադրբեջանցիները և, ինչու ոչ, վրացիները կհասկանան այս հասարակ տրամաբանությունը»,– նշել է Էշթոնը:

ԵՄ արձագանքը դժգոհություններ է առաջացրել Հայաստանում` մի երկրի մեղքը երկու երկրներին վերագրելու պատճառով: Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշել է. «Բնականաբար, եվրոպացիները գիտեն… ամեն ինչ և մի բան էլ ավելի: Սակայն մենք գրեթե համոզված եք, որ Սաֆարովի պատմության մեջ միայն մեկ երկրի զինվոր էր կացնով հարձակվել քնած մարդու վրա, և այդ մարդասպանը, եթե չեմ շփոթում, մեր համազգեստով չէր»:

Հայաստանի արձագանքը եվրոպական պաշտոնական և դիվանագիտական օղակներում առաջացրել է հայրական ժպիտ: Եվրադիվանագետները բացատրում են, որ ցանկացած քննադատություն կամ գովասանք, համաձայն միջազգային էթիկետի կանոնների, պետք է ուղղվի հակամարտության երկու կողմերին: «Ախր դա դիվանագիտության այբուբենն է. եթե դատապարտես միայն մեկ կողմին, ապա մյուսը կարող է նեղանալ, իսկ դա կարող է փչացնել մեր հարաբերությունները այդ կողմի հետ, ինչը կդժվարացնի երկխոսությունը»,– բարոյախրատական ժպիտով բացատրեց անանուն եվրոպացի դիվանագետը:

Էշթոնի հայտարարությունից քիչ անց ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի հանձնումը և ազատ արձակումը: Եռանախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ չարձակել քնած ժամանակ մարդ սպանած սառնարյուն մարդասպաններին, ինչը անհանգստացնում է ԵԱՀԿ ղեկավարությանը:

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին քննադատել է նաև մարդասպանների ազատման վրա միլիարդավոր նավթադոլարներ ծախսելու համար: «Նավթային արդյունաբերությունից ստացված միլարդները կարող են գայթակղություն ստեղծել կաշառելու եվրոպական քաղաքական գործիչներին և առանձին կառավարությունների, սակայն ճիշտ չէր լինի տրվել այդ գայթակղություններին: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին օգտագործել այդ նավթադոլարները հակամարտության լուծման համար»,– նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:

Սկանդալի զարգացման ընթացքում որոշ երկրներ կարողացան հստակ ուղերձով հանդես գալ: Մասնավորապես՝ ԱՄՆ-ը ի վիճակի եղավ հանդես գալ որպես աննախադեպ պլոճիկով երկիր և հստակ դատապարտեց Ադրբեջանի քայլը, ինչպես նաև բացատրություններ պահանջեց Հունգարիայից:

Չնայած Ռուսաստանը ևս դատապարտեց Ադրբեջանի քայլը, սակայն վերջին խոսքը պատվիրակեց ԵԱՀԿ Մինսկի ժողովրդին, որն ի վերջո կոչ արեց երկու երկրներին միմյանց չկացնահարել Բուդապեշտում կամ կացնահարելու դեպքում գոնե 16 անգամ չզարկել, քանի որ դա վտանգում է տարածաշրջանային կայունությունը և անհամացնում եվրոպացիների առօրյան:

Չնայած այս պատմությանը՝ Հայաստանը հիշեցրեց ԵՄ-ին, որ տարածաշրջանային անվտանգությունը կախված է նաև Եվրոպայում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներից, և կոչ արեց Եվրոպային և Ռուսաստանին արդար դատաքննություն ապահովել Միխայիլ Խոդորկովսկու համար:

Մեկնաբանել