Թոփչյանը շարունակում է ահազանգել

Այս տարի սեպտեմբերին Երևանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին կից կարող էր բացվել երաժշտական ակադեմիա: Այս մասին նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասել էր դեռևս անցյալ տարեվերջին: Ակադեմիան պետք է երաժիշտներ պատրաստեր նվագախմբի համար: Խիստ ընտրություն անցած 20 երեխաները պետք է դառնային նվագախմբի «հատուկ նշանակության ջոկատը», որը կապահովեր նվագախմբի սերնդափոխությունը:  Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Թոփչյանը հայտնեց, որ թեև ակադեմիա բացելու գաղափարը հավանության է արժանացել երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից, դեռևս հայտնի չէ, թե երբ այն իրականություն կդառնա:

«Մենք արդեն գիտեինք, թե որ տարածքն ենք ուզում: Նշեմ, որ այն մեծ չէ, սակայն քաղաքապետարանը դեռևս ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասաց Թոփչյանը:

Երեք օր առաջ նվագախմբին նոր երաժիշտ է միացել` երիտասարդ գալարափողահար Իսպանիայից: Թոփչյանն ասաց, որ ևս տասը երաժիշտ պիտի հրավիրեն, քանի որ Հայաստանում համապատասխան մակարդակի կադրեր պարզապես չկան: «Մենք շատ շտապ պիտի սկսեք լուծել այս հարցը, նույն գալարափողը ոչ ոք չի նվագում այստեղ: Եթե այսօր որևէ մեկը ցանկանա գալարափողահար դառնալ Հայաստանում՝ նույն վիճակում կհայտնվի, ինչպես ես, եթե որոշեմ տիեզերագնաց դառնալ»,-ասաց դիրիժորը:

Նա հիշեցրեց, որ խնդիրը նույնն է լարայինների պարագայում: «Եթե տասը տարի առաջ անսահմանափակ քանակության լարային նվագողներ ունեինք, այսօր արդեն այդ մասնագետներն էլ են պակասում: Այս պահին կան, դեռ բավական երիտասարդ են, բայց մի քանի տարուց դա էլ է խնդիր դառնալու»,-ասաց նա: